News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վիզաների դյուրացման հարցը վերջին շրջանում գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Այդ մասին Ազգային Ժողովում արտաքին հարաբերությունների եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած լսումների ըթնացքում հայտարարել է  ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը:

Վերջինիս խոսքով, դա բնական է, քանի որ ավելացել են շփումները եվրոպական երկրների հետ եւ հարկ է առաջացել անդրադառնալու այս խնդրին, ստեղծելու ավելի դյուրին հնարավորություններ Հայաստանի քաղաքացիների համար՝ եվրոպական տարբեր երկրներ ճանապարհորդելու:

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ վիզաների դյուրացումը եւ հետագայում ազատականացումը Արեւելյան գործընկերության կարեւոր բաղադրիչներից են: Զեկուցողը մանրամասն ներկայացրել է վիզաների դյուրացման համաձայնագրի հիմնական դրույթները՝ հատկապես ընդգծելով քաղաքացիների այն խմբերը, որոնք կարող են օգտվել սահմանված ընթացակարգերից: Մասնավորապես, դյուրացված կարգով Շենգենյան վիզա կստանան պետական պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները, ԵՄ երկրներում մերձավոր բարեկամներ ունեցողները, ուսանողները, կրթական, ակադեմիական, մշակութային, գիտական, բուժման նպատակով Եվրամիություն այցելողները, լրագրողները, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները եւ այլք: Վիզան անվճար կլինի թոշակառուների, մինչեւ 12 տարեկան երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց ուղեկցողների, ուսանողների, հետբուհական կրթությամբ զբաղվող անձանց, լրագրողների եւ այլ խմբերի համար, իսկ մյուսները կվճարեն զգալի զեղչերով:

Լսումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի միջեւ փոխկապակցվածությանը: Պարոն Լիլոյանը նշել է, որ համաձայնագրերի վավերացումը եւ արդյունավետ իրականացումը հնարավորություն կտա սկսելու երկխոսություն ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ: Խոսելով ԵՄ ծրագրերին Հայաստանի մասնակցության վերաբերյալ արձանագրության մասին՝ Արմեն Լիլոյանը ներկայացրել է մասնակցության հետ կապված հիմնական ընթացակարգերը եւ պայմանները՝ նշելով, որ կառավարությունը դիտարկում է 3-4 առաջնային ոլորտներում ԵՄ ծրագրերին միանալու հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ