News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի գտնվելու վայրն անհայտ է: Նրան նոյեմբերի 5-ի երեկոյան բերման են ենթարկել Ազատության հրապարակի մատույցներից եւ մինչ այս պահը նրա վերաբերյալ տեղեկություններ պարզել չի հաջողվել:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ հավաքված ակտիվիստները եւս տեղեկություններ չունեին Շանթ Հարությունյանից, իսկ բերման ենթարկվածները վերջինիս չեն տեսել բաժնում: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, նրան տարել են «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ՝ հայտնի «ԿԳԲ-ի պադվալ» անունով:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։

Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։

Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Մարմնական վնասվածքներ էր ստացել NEWS.am-ի թղթակիցը:

Ակտիվիստներից մի քանիսին քիչ առաջ ազատ են արձակել: 

Տպել
Ամենաշատ