News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պուրակի բախումներին ու դրանց հետեւած դեպքերի առնչությամբ պետք է քրեական գործ հարուցվի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի դեմ։

«Հիմքերը բավարար են քրեական գործ հարուցելու, չենք ասում՝ ազատազրկելու կամ միանգամից ձերբակալելու որոշում կայացնելու համար: Քրեական գործ հարուցել ոստիկանապետի, նրա տեղակալի, և մյուս աշխատակիցների նկատմամբ, որոնք բռնություն, ծեծ են կիրառել Շանթ Հարությունյանի, քաղաքացիների նկատմամբ»,- նոյեմբերի 8-ին լրագրողներին ասաց Արթուր Սաքունցը։

Բացի դրանից, իրավապաշտպանի կարծիքով՝ հարկավոր է քննության ենթարկել՝ ի՞նչ հիմքով են ոստիկանության խոշոր ստորաբաժանումներ 40 հոգու համար բերել Մաշտոցի պողոտա, խոչընդոտել երթևեկությունը, «կասեցրել խախանդ երթը»։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի ձերբակալվելուց հետո նրան այցելել էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որին Շանթ Հարությունյանը պատմել էր, որ իրեն ֆիզիկական բռնության են ենթարկել անձամբ ՀՀ ոստիկանապետն ու փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։

Արթուր Սաքունցը նշեց, որ վաղը՝ նոյեմբերի 9-ին անցկացվելու է «Անհապաղ ազատ արձակել Շանթ Հարությունյանին և մյուս ձերբակալվածներին» կարգախոսով երթ՝ Ազատության հրապարակ -Մոսկովյան փողոց-Մաշտոցի պողոտա- Սայաթ-Նովա- Նալբանդյան փողոց-ՀՀ ոստիկանության շենք երթուղով։ Երթն ավարտվելու է  ՀՀ դատախազության մոտ։

Տպել
Ամենաշատ