News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը


Դերասան Վարդան Պետրոսյանը «Սթրես» կենտրոնից Աբովյանի դատարան տեղափոխվելուց առաջ լրագրողներին ասաց, որ իր գործում եղել են իրավախախտումներ։

«Ես շատ ծանր վիրահատություններ եմ տարել, մի շարք հետվիրահատական միկրովիրահատություն եմ տարել։ Ես չեմ ուզում նվնվալ։ Տուն գալու հաջորդ օրը ես վատացա, շտապօգնություն են կանչել հաջորդ օրը նույնպես, բայց այստեղ տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք ես կանվանեի իրավախախտումներ։ Ես անպայմանա այդ մասին ուզում եմ հայտարարությամբ հանդես գալ՝ արդեն վերակենդանացման բաժնում  որտեղ կյանքի եւ մահվան կռիվ է գնում ինձ մոտեցավ հարցաքննող քննիչ՝ գործը վարող քննիչ Հակոբյանը։ Ես նրան, բնականաբար, պատասխանեցի, որ  ես ի վիճակի չեմ եւ առանց փաստաբանի որեւէ պատասխաններ չեմ տալու, առողջական վիճակս ինձ թույլ չի տալիս։

Նա գրառումներ արեց, արձանագրություններ արեց եւ կարծես թե մենք բաժանվեցինք նորմալ, շատ հանգիստ, անալիզների համար վերցրեց քսուքներ եւ այլն, սակայն հաջորդ օրը նույնպես նա եկավ, նորից ես ասեցի, որ առանց փաստաբան իրավունք չունի ինձ հարցաքննելու՝ առավել եւս ես վերակենդանացման բաժնում ուժ չունեմ պատասխաններ տալու։ Ես երկար չէի կարողանում խոսել։ Այնուամենայնիվ, փորձեց հարցեր տալ, որից հետո թախանձագին խնդրեց իմ փաստաբանի անունը կամ հասցեն, մի բան, որ ինքն արդեն երկու կամ երեք օր առաջ գիտեր, որովհետեւ հարցաքննել էլ քրոջս եւ եղբորս որդուն եւ անձամբ ծանոթացել էր փաստաբանի հետ։ Ես ասեցի՝ չգիտեմ, որովհետեւ գիտակցությունս գնում – գալիս էր։ Ես  տեղից էլ չգիտեի համարը, գիտեի միայն, որ փաստաբան ունեմ։ Ավելի թախանձագին խնդրեց որեւէ մեկի համարը, որի միջոցով կապվի այդ փաստաբանի  հետ՝ հրաշալի իմանալով իմ քրոջ հեռախոսահամարը եւ իմ բոլոր կոնտակտները։ Ես էստեղ նորից հասկացա, որ զարտուղի ճանապարհներով սկսում է հարցաքննությունը։ Ոչ մի հարցի չեմ պատասխանել, որովհետեւ դա իմ իրավունքն է։ Հայտարարել եմ, որ սա իմ իրավունքն է,  նա ընդունել  է, գրառումներ է արել շատ երկար, որից հետո հարցրել է՝ արդյոք ունեմ ավելացնելու բան, ես ասել եմ՝ոչինչ չեմ ասել, ի՞նչ ավելացնեմ։ Գնացել է։

Հետո հիվանդանոցից դուրս գրվելու հաջորդ օրը՝ առավոտ ժամը 9-ին, մեր տուն են մտել ոստիկաններն ու քննիչները։ Անմիջապես տղամարդավարի ինձ հայտնելու փոխարեն, որ ես ձերբակալված եմ, հանկարծ տեսել են, որ ես անկողնային հիվանդ եմ, այլ ոչ թե ըստ մամուլի շվշվացնում եմ տանը, երեւի ծանր են տարել այդ։ Ես այդ խոսակցությունները կողքի սենյակից լսել եմ, որ նրանք ասում էին, որ նա անկողնային հիվանդ է, ինչի՞ մասին է խոսքը։ Ինձ դեմ են տվել մի ծանուցում՝ խնդրելով, որ ես նոյեմբերի 7-ին ներկայանամ հարցաքննության։ Արդեն իսկ վատ առողջական վիճակով նորից խնդրել եմ համբերել  մի քանի օր, որի համար ես կներկայացնեմ համապատասխան փաստաթղթեր։ Կարծել եմ՝ բանը դրանով վերջացավ, որից հետո ինձ եկել խնդրել են իմ անձնագրերը տալ՝ պատճառաբանելով, որ ես կարող է Հայաստանից փախչեմ։ Ես ասել եմ, որ ես այն մարդն եմ, որ կես դար ապրել եմ  Հայաստանում, ես չեմ փախնում, ես պատասխանատվությունից երբեք չեմ փախել եւ իմ ապրած կյանքով ապացուցել եմ դա, ի պատասխան որի ստացել եմ կիսահրամայական պատասխան՝ ինձնից շատ հայտնի նախարարներ են փախել այստեղից։ Ես որդի ունեմ բանակում ծառայող, ես ապրում եմ մի կյանքով, որտեղ իմ խոսքը շատ կարեւոր է ինձ համար։ Ես նորից ասեմ ՝ ոստիկանության համապատասխան հրահանգի դեպքում սահմաններն արդեն կարող են զգուշացված լինել եւ ես կարող եմ այստեղից դուրս չգալ։

Առավել եւս, ես նշում եմ, որ  ես չեմ ուզում փախչել։ Ես ընդամենը խնդրում եմ ժամանակ, որովհետեւ շատ ծանր գործ է։ Ես ինքս նախ պետք է գիտակցեմ՝ ինչ է տեղի ունենում։ Ինձ փաստաբանը պետք է հասկացնի, ինչ է տեղի ունենում։ Անառողջ վիճակում ես որոշ հարցերի վրա չեմ կարողանում կենտրոնանալ, որպեսզի պատասխանեմ, որից հետո ինձ հայտնել են  որ իրականում ես ձերբակալված եմ, մի բան, որ իրականում կարելի էր  իհարկե սկզբից ասել՝ գիտեք, դուք ձերբակալված եք։ Ես էստեղ նորից առողջական կրիզիս եմ ապրում՝ ճնշման անկում, գլխապտույտներ, կանչում են շտապ գնություն։ էստեղ արդեն մամլո աշխատողները, լրագրողները ներքեւում էին եւ տեղյակ էին։ Ինձ պատգարակով տանում են «էրեբունի» հիվանդանոց՝ ռեանիմացիա, նորից բերում են «Սթրես» կենտրոն, մինչեւ ուշ գիշեր սթրեսային վիճակում գտնվող հիվանդին, այնուամենայնիվ, փորձել են տանել դատական հիվանդանոց կամ արդեն Աստված գիտի ուր, ես չգիտեմ։ Երեկ նորից ներկայացավ քննիչ Հակոբյանը արդեն դատապաշտպանի ներկայությամբ, ինչ-որ արձանագրություն կազմեց։ Ես նրան խնդրեցի ինձ տալ օրենքով, կրկնում եմ ՝ օրենքով հասնող փաստաթղթերը, որը նա չարեց։ Փաստաբանը վկա է, փաստաբանը ասեց, որ դուք սուտ եք ասում, փաստաթղթերը հենց հիմա ձեր պորտֆելում են, ես դա գիտեմ, նա չտվեց՝ խուսափեց տալուց, իմ խոսքը չարձանագրեց. ես ասելիք ունեի՝ խուսափեց, գրեց ինչ–որ բաներ, որը տվեց ստորագրելու իմ դատապաշտպան Նիկոլայ Բաղդասարյանին։

Նիկոլայ Բաղդասարյանն ասեց, որ այս գրվածը ճիշտ չի, ես այժմ ուղղումներ պետք է անեմ, նա ոչ մի կերպ թույլ չտվեց այդ ուղղումներն անել։ Ներող կլինեք, վերցրեց փաստաթուղթը՝ խլեց ու ներող կլինեք, հազար ներողություն, սիրելի օրենքի պաշտպաններ՝ անպատվելով ձեր աշխատանքը, փախավ։ Ես սա չեմ կարող ներել։ Ոստիկանը հիվանդ մարդու մոտից իրավունք չունի փախնել։ Փախավ ու ես չհասկացա։ Մամուլը դրան, ինչ խոսք, անդրադարձավ։ Այսօր ժամը 12-ին ես պատրաստ սպասում եմ, որպեսզի իմ փաստաբանի հետ ինձ ներկայացնեն իմ մեղադրանքը։ Ես ժամը 12-ին կազմ–պատրաստ սպասում եմ։ Ժամը 10-ին ներս է մտնում նույն քննիչ  Հակոբյանը։ Ազնվորեն թույլ ենք տալիս, որ նստի, ի վերջո մարդ է ինքը, ինչ կա, ասում եմ, կարդում է մեղադրականը, ես էդպես ապակենտրոնացած եմ, հարցնում է՝ արդյո՞ք ես փաստաբանի կարիք ունեմ, ես ասում եմ, որ ես փաստաբան ունեմ, երեք անգամ նորից  պնդում է ուրիշ փաստաբանի անուն, ես ասում եմ՝ ունեմ։ Վերջիվերջո, ես պատասխաններ չեմ տալիս նրան, ոչ մի պատասխան, որովհետեւ ես ասում եմ ՝ առանց փաստաբանի չեմ կարող խոսել։ Նա ինձ ասում է՝ գիտեք ձեր փաստաբանը գնացել է խաշի։

Գիտեք այստեղ մի բան մի կա, որ չափ ու սահմանն անցնում է։ Ես գիտեմ, որ իմ փաստաբանը առավոտը 8-ից, 9-ից քափ ու քրիտինքի մեջ աշխատում է, որովհետեւ մեզ դրել են այնպիսի շտապողականության մեջ։ Ես չեմ հասկանում՝ ուր են շտապում, ինչ են ուզում ինձնից կորզել, ինչու եւս երեք-չորս օր չեն սպասում, որ ես կարողանամ գոնե կապակցված նախադասություններ ասել։ Շնորհիվ «Սթրես» կենտրոնի ես այսօր արդեն ի վիճակի եմ կապակցված նախադասություններ ասել, առաջ ես հեւում էի, ես թոքերի շատ ծանր պրոբլեմ այս պահին ունեմ եւ խոսում էի կտրտված։

Չպատասխանեցինք, վեր կացավ, գնաց։ Եկավ փաստաբանը, ասաց, որ այդպես չի, ճիշտ ժամանակին ներկայացավ։ Նորից սկսեց ինձ հարցաքննել, կոնկրետ ձեզ ասեմ՝ ինչ ձեւ հարցերով, շատ զարտուղի սկսեց մոտենալ, որ թվին եմ ծնվել, որ քաղաքում եմ ծնվել, հետո անցավ ուրիշ հարցի՝ արդյոք ես ճանաչում եմ տուժածների ընտանիքին։ Ու ես միամիտ նստած, փառք Աստծո, կինս կողքս էր, կինս նրան ասաց, դուք գիտեք, դուք չափն անցնում եք, մենք ազնվորեն ձեզ թողել ենք էստեղ, դուք արդեն հարցաքննում եք առանց փաստաբանի, վեր կացավ գնաց, էդ պահին զանգ տվեցին, հետո ներս էր մտնում, եւ էդ ժամանակ կինս նրան ուղղակի չթողեց, նա ուզում էր զոռով մտնել, կինս նրան զոռով չթողեց, և նա ստիպված թողեց գնաց։ Սա, իմ կարծիքով, անօրինություն է։  Ես որեւէ վստահություն չունեմ քննիչի նկատմամբ, ես նրա ոչ մի հարցին չեմ պատասխանելու, ես դրա իրավունքն ունեմ։ Այժմ ես գնում եմ դատարան, հայտարարում եմ ձեզ, սիրելի բարեկամներ, սիրելի ընկերներ, բոլորին, բոլորին, ես պատասխանատվությունից խուսափող մարդ չեմ, ոչ մի վայրկյան, ոչ մի դեպքում թող ոչ մեկիդ մտքով չանցնի, եթե ինձ հասնում է 4-10 տարի, կամ 14-20, ես նստելու եմ, բայց թող ոչ մեկի մտքով չանցնի, որ ես մի մազ անգամ փորձելու եմ խուսափել պատասխանատվությունից, որեւէ զարտուղի ճանապարհով, սա թող բոլորն իրենց ականջին օղ անեն, Վարդան Պետրոսյանն ապրել է մի կյանքով, որի պատճառով ոչ մի մարդ չի ամաչել, աշխարհի ոչ մի ծայրում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ