Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիայի նկատմամբ ոչ մի հարված էլ չէին ցանկանում հասցնել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի ռազմական նավերի թվի շարունակական կրճատմանը, որոնք գտնվում են Սիրիայի ափերին:
Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ը փորձում էր Սիրիայի քիմիական զենքի հետ կապված սադրանքի օգնությամբ ճնշում գործադրել, որն, ինչպես երեւում է, կազմակերպվել էր Սաուդյան Արաբիայի կողմից: «Բայց քանի որ Ռուսաստանը փրկեց ամերիկացիներին այդ «երջանկությունից», ապա, բնականաբար, հարվածի հասցնելու բոլոր ծրագրերը վերջնականապես չեղյալ հայտարարվեցին»,- ընդգծել է Ալեքսանդր Խրամչիխինը: Նա նշել է, որ, բնականաբար, հենց այդ պատճառով էլ ամերիկյան նավերը հեռանում են:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ՌԾՈՒ շտաբի պետ, ծովակալ Ջոնաթան Գրիներթը հաղորդել է, որ Միացյալ նահանգները բազա են վերադարձնում իր ռազմածովային խմբավորման մի մասը, որը գտնվում է Սիրիայի ափերին: Ավիակիրների մի մասն արդեն հեռացվել է Սիրիայի ափերից, գործընթացը շարունակվում է: