News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում նոյեմբերի 22-ին կայացել է հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի  հետ հանդիպումը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, պատվիրակության կազմում էին արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը։

Հիշեցնենք,պատվիրակությունն ԱՄՆ  էր մեկնել հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի 22-րդ նիստին մասնակցելու, հայտնում է Պետդեպի կայքը։

Կողմերը խորհրդակցություններ են անցկացրել՝ նվիրված տնտեսական կապերի խորացման մեխանիզմների, առեւտրի եւ ներդրումների ընդլայնման, շուկայական բարեփոխումների առաջխաղացման հարցերին: Հայաստանը եւ ԱՄՆ-ն ողջունում են 180 միլիոն դոլարի նոր ներդրումները Հայաստանի հիդրոէներգետիկական հատվածում` ամերիկյան  «Contour Global» ընկերության կողմից: Այդ ներդրումները, որոնք մասնակի  կֆիանսավորվեն ԱՄՆ-ի մասնավոր արտասահմանյան ներդրումների կորպորացիայի կողմից, Հայաստանի պատմության մեջ ամերիկյան ամենախոշոր մասնավոր եւ ԱՄՆ-ի առաջին ներդրումն են Հայաստանի էներգետիկական հատվածում:

Երկխոսության մասնակիցները քննարկել են երկու երկրների կողմից վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը` ամերիկացի զբոսաշրջիկների համար առանց վիզայի ռեժիմ եւ հայերի համար տասնամյա բազմակի վիզաներ ձեռք բերելու համար, որը կնպաստի երկկողմ առեւտրի եւ ներդրումների  աճին: ԱՄՆ-ն նաեւ ողջունել է Հայաստանում քաղաքացիական ավիացիայի ազատականացմանն ուղղված բարեփոխումները:

ԱՄՆ-ն ընդգծել է, որ Հայաստանն ընտրվել էր որպես 20 նպատակային երկրներից մեկը` գիտության, տեխնոլոգիայի, ինովացիաների եւ համագործակցության ոլորտներում ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) նախագծերի համար:  Այդ նախաձեռնության շրջանակում երկու երկրները համաձայնել էին ջանքեր գործադրել նաեւ էկոլոգիապես մաքուր էներգիայի եւ ջրի բնագավառներում:

ԱՄՆ-ի կառավարությունը ներկայացնում էին Եվրոպայի եւ Ասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ  Էրիկ Ռուբինը, USAID-ի ադմինիստրատորի օգնական Փեյջ Ալեքսանդրը եւ Եվրոպայի օգնության համակարգող Դենիել Ռոզենբլյումը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը եւ Հայաստանում USAID-ի գրասենյակի տնօրեն Քերեն Հիլյարդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ