News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում առեւտրի կենտրոնում տեղի ունեցած փլուզման հետեւանքով մահացած Նաիրա Գրիգորյանը Սյունիքի մարզի Կապան քաղաքից է: Այս մասին հայտնեցին մեր աղբյուրները:

NEWS.am-ին հաջողվեց կապ հաստատել Նաիրա Գրիգորյանի հարազատների հետ: Նրանք մեզ հետ զրույցում պատմեցին, որ Նաիրան մոտ 10 տարի առաջ ամուսնացել է կապանցու հետ եւ մեկնել Լատվիա: Նաիրա Գրիգորյանն այնտեղ ապրում էր ամուսնու հետ, ունի զույգ աղջիկ: Կինը չէր աշխատում, իսկ ամուսինը տարբեր աշխատանքներ էր կատարում: Նաիրա Գրիգորյանի հարազատները մեզ հետ զրույցում պատմեցին, որ դեպքի օրը նա գալիս էր տուն, երթուղայինից զանգել է աղջկան՝ հարցնելու, թե ինչ է պետք գնել եւ բերել: «Իջել է այդ կանգառում, հենց մտել է սուպերմարկետ, 5 րոպե հետո փլվել է, սպասել են, տեսել են՝ մայրը չկա, զանգել են հեռախոսին, անհասանելի է եղել, անմիջապես ահազանգել է ամուսինը, գնացել են դիահերձարաններ, նրան գտել են ջնջխված վիճակում»,- պատմեց նրա բարեկամը:

Կապանում այժմ ապրում է նրա մայրը եւ քույրը, կնոջ դիակը բերելու են Հայաստան, սակայն քանի որ Լատվիայից ուղիղ չվերթ չկա, դժվարություններ կան դիակի տարանցիկ տեղափոխման համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում առեւտրի կենտրոնում տեղի ունեցած փլուզման արդյունքում մահացել է Հայաստանի քաղաքացի Նաիրա Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Ռիգայում երեկ փլուզվել է «Մաքսիմա» առեւտրի կենտրոնի տանիքը: Զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 25-ի, հայտնում է Լատվիայի պետական  հրշեջ-փրկարարական ծառայությունը: Զոհերի թվում կան երեք փրկարարներ: Տուժել է 40 մարդ, այդ թվում` մեկ երեխա եւ տասը փրկարար:  Նրանցից շատերը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Փլատակների տակ մնացածների ճշգրիտ թիվը հայտնի չէ:»: Երկրի նախագահ Անդրիս Բերզինշը հայտնել է, որ Լատվիայում սուգ է հայտարարվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ