News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանում, Կոմիտասի անվան Կամերային տանը դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել համերգ՝ նվիրված լեգենդար երգչուհի Մարիա Կալասի ծննդյան հոբելյանական 90-ամյակին եւ ԵՄ-ում Հունաստանի նախագահության ստանձնմանը:

Համերգի սկզբում, երաժշտական մենեջեր, միջոցառման համակարգող Ալեքսանդր Հակոբյանը նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին, նշելով, որ Երեւանում տեղացած առատ ձյունը չի խանգարել, որ դահլիճը լեփ-լեցուն լինի:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսը, ով դիմելով ներկաներին, խոսեց Հունաստանի տնտեսական դժվարությունների մասին եւ ասաց, որ իր երկիրը այս դժվար ժամանակահատվածում է ստանձնում ԵՄ նախագահությունը: Նա հավաստիացրեց, որ Հունաստանը առաջ կմղի բոլոր այն ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք այժմ էլ ընթացքի մեջ են: Դեսպանի խոսքով՝ այդ ժամանակահատվածում իր երկիրը առաջ կմղի նաեւ հայ-հունական հարաբերությունները, նաեւ Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը կնպաստի:

Դեսպանը խոսեց նաեւ լեգենդար երգչուհի Մարիա Կալասի մասին, ով, նրա խոսքով, աննախադեպ կարիերա  է արել եւ մեծ բարձունքների հասել:

Արվեստագիտության պրոֆեսոր Աննա Արեւշատյանն իր հերթին, ներկայացրեց եւ համերգի կատարողներին եւ անդրադարձավ Մարիա Կալասի կյանքին, որ չնայած այդ տարիներին շատ երգիչներ են եղել, բայց Մարիա Կալասն անգերազանցելի է եղել:

Համերգին հաջորդեց ֆուրշետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ համերգին հանդես է եկել Շվեյցարիայից Երեւան ժամանած ճանաչված երգչուհի Վարդուհի Խաչատրյանը, ով կատարել է Կալասի երգացանկի հանրահայտ օպերային արիաներ: Այս տարվա ընթացքում Վարդուհի Խաչատրյանը բեմել է աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող Մարիա Կալասին նվիրված հոբելյանական համերգներին եւ փառատոններին:

Վարդուհի Խաչատրյանին նվագակցել է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, ով մի քանի տարի է, ինչ բացառապես համագործակցում է Վարդուհի Խաչատրյանի հետ` որպես երգչուհի-մենակատար:

Նշենք, որ Վարդուհի Խաչատրյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, որոնց թվում է նաեւ 2001 թ. Աթենքում տեղի ունեցած Մարիա Կալասի անվան միջազգային մրցույթը, որտեղ Երգչուհին արժանացել է Գրան Պրի մրցանակի: Նա երգել է բազմաթիվ հեղինակավոր այնպիսի փառատոններում, ինչպիսիք են «Festival Castell de Peralada» (Իսպանիա), «Musicastello» եւ «Festival Euro Mediterraneo» (Իտալիա), «Festival Flaneries Musicales d’Eté in Reims» եւ «Festival d’Ambronay» (Ֆրանսիա) փառատոններին, երգել է այնպիսի աշխարհահռչակ երգիչների հետ, ինչպիսիք են Մոնսերատ Կաբալիեն, Խոսե Կուրան, Անգելա Ջորջուն եւ այլք: Վարդուհի Խաչատրյանը շրջագայում է աշխարհի հեղինակավոր սրահներով` այնպիսիք, ինչպիսիք են Լոնդոնի Ropyal Albert Hall-ը, Փարիզի Salle Gaveau-ն, Ժնեւի Victoria Hall-ը, Մոնթրյոի Auditorium Stravinsky-ն եւ այլն: Նրա կատարումները հեռարձակվել են տարբեր երկրների ռադիո եւ հեռուստաալիքներով, այդ թվում նաեւ դասական երաժշտության հանրահայտ ֆրանսիական MEZZO հեռուստաալիքով եւ գերմանական KLASSISCH հեռուստածրագրով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ