News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն ու Հայաստանը ցանկանում են շարունակել սերտ հարաբերությունները եւ առաջ շարժվել արդեն առկա ձեռքբերումների հիմքով: Այս մասին Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստի ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Ըստ նրա՝ նախորդ նիստի համեմատ, անշուշտ, քննարկման բովանդակային տարբերություններ կային՝ հաշվի առնելով Հայաստանի նոր միջազգային պարտավորությունները: Սակայն կողմերի ցանկությունը եւ սերտ  հարաբերությունները շարունակելն ու արդեն առկա ձեռքբերումների հիմքով առաջ շարժվելը նույնն է մնում:

«Այդ համատեքստում մենք վերահաստատել ենք մեր երկկողմ հարաբերությունների հիմքերը վերանայելու, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքականության ուղղությամբ գործողությունների ծրագրի համալրման անհրաժեշտությունը, որպեսզի այն համապատասխանեցնենք ապագա համգործակցության ծավալին եւ հավակնություններին»,- հայտարարել է Ֆյուլեն:

Նա նաեւ նշել է Հայաստանի առաջընթացը վիզային ռեժիմի պարզեցման եւ հետընդունման համաձայնագրերը վավերացնելու գործընթացն ավարտին հասցնելու հարցում: «Մենք անհամբեր սպասում ենք դրանց շուտափույթ ուժի մեջ մտնելուն, որը մեզ հնարավորություն կտա ամրապնդել կապերը մեր հետագա համագործակցության կարեւոր  բաղադրիչ հանդիսացող մարդկանց միջեւ»,- նշել է հանձնակատարը:

Ըստ նրա` ԵՄ-ն նաեւ ողջունում է Հայաստանի առաջընթացը բարեփոխումների հարցում եւ այդ ուղուն հավատարիմ մնալը շարունակելը, միաժամանակ կոչ է արել աշխուժացնել ջանքերը որոշակի բնագավառներում, մասնավորապես` ժողովրդավարության եւ օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների, ինչպես նաեւ  դատական համակարգի բարեփոխությունների: 

«ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նոր համատեքստում առաջընթաց է նկատվում: Այժմ մենք պետք է աշխատանքի անցնենք` այն իրականություն դարձնելու համար:  Հայաստանը կարող է հույսը  դնել ԵՄ-ի շարունակական աջակցության վրա` քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բարեփոխությունների եւ մարդու իրավունքների ու հիմնական ազատություների  պաշտպանության առաջխաղացման հարցերում: Մենք ուժեղացրել ենք քաղաքացիական հասարակության համագործակցությունը եւ աջակցությունը:  Մենք հուսով ենք, որ նրանց աշխատանքը եւս կկառուցվի վերջին 3,5 տարվա ընթացքում այդ բնագավառում ձեռքբերվածի հիման վրա: Մենք հուսով ենք, որ հիմնական ազատությունները, մասնավորապես` խոսքի եւ հավաքների ազատությունը, հետագայում էլ կամրապնդվի»- հայտարարել է Ֆյուլեն:

Եվրահանձնակատարն ընդգծել է, որ աջակցություն կտրամադրվի Արեւելյան գործընկերության  Քաղաքացիական հասարակության ֆորումի հայ ազգային հարթակին` իր դերն ամրապնդելու եւ բարեփոխությունների գործընթացի մոնիտորինգ իրականացնելու նպատակով, կառավարության հետ կառուցողական երկխոսության ճանապարհով: «Մենք կառավարությանը կոչ ենք անում երաշխավորել, որպեսզի հալածանքներ չլինեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրավապաշտպանների, կանանց իրավունքների համար պայքարողների նկատմամբ: Մենք Հայաստանին նաեւ կոչ ենք արել  քննել անցյալի որոշ դեպքեր եւ հավաստիանալ, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն», - ասել է դիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ