News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի Սիրիայում քրիստոնյաներ ու հատկապես հայեր չմնան, հայկական համայնքը վերանա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի հետ հանդիպման ժամանակ նշել է ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամներ՝ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, արտակարգ եւ լիազոր դեսպանորդ Դմիտրի Մարտիրոսյանը եւ Գագիկ Մելիքյանը:

Իսսամ Նայալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին Սիրիայի հարցում ունեցած հավասարակշիռ վերաբերմունքի համար, ինչպես նաեւ ընդգծեց Սիրիայում բնակվող հայերի դերն այդ երկրում խաղաղության ամրապնդման հարցում: ՍԴՀԿ ատենապետն ընդգծել է իրենց համար Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, ինչպես նաեւ եղբայրական երկրում խաղաղության հաստատման կարեւորությունը: Խոսելով տարածաշրջանային խնդիրների  մասին՝ Նարեկ Գալստյանն իր խոսքում նկատել է, որ Սիրիայում խաղաղության հաստատմանը դեմ է հատկապես Թուրքիան:

«Խոսակցություններ կան, որ որոշ թուրքական կազմակերպությունները գլխագին են նշանակել ամեն մի սպանված հայի համար»,-նշել է ՍԴՀԿ ատենապետը:

ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը հույս է հայտնել, որ շուտով Սիրիայում խաղաղություն կվերահաստատվի, եւ Սիրիայի ու Հայաստանի մեջ կվերականգնվեն երբեմնի աշխույժ եւ սերտ քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ