News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԼՂՀ-ի երկրորդ նախագահ, այժմ՝ Հայաստանի հատուկ հանձնարարականներով դեսպան Արկադի Ղուկասյանի հարցազրույցը NEWS.am-ին.

Ինչպե՞ս եք Դուք տեսնում ԼՂՀ-ի տնտեսական զարգացման հեռանկարները: Ձեր կարծիքով` ո՞ր հիմնական ուղղություններին պետք է առավել ուշադրություն դարձնել: 

Հուսով եմ, որ ԼՂՀ-ն անշեղորեն կավելացնի տնտեսական զարգացման տեմպերը, առկա խնդիրների որակապես նոր, ոչ սովորական լուծումներ կգտնի: Դրանից է կախված Արցախի պետականության շարունակական զարգացումը, նրա քաղաքացիների բարեկեցությունը: Հիմնական ուղղությունների շարքում ես կդասեի  խոստումնալից դարձող գյուղատնտեսական հատվածը, օգտակար հանածոների արդյունահանումը, հիդրոէներգետիկայի եւ զբոսաշրջային արդյունաբերության զարգացումը:  Հուսով եմ, որ Արցախում կզարգանան տեղեկատվական տեխնոլոգիաները:

Արցախի տնտեսության զարգացման համար հնարավո՞ր է արդյոք արտասահմանյան ներդրումների ավելի ինտենսիվ ներգրավում: Կարելի՞ է խոսել արտասահմանյան ընկերությունների հետ գործընկերային ինչ-որ հարաբերություններ հաստատելու մասին:

Նշեմ, որ «հայկական ծագման» արտասահմանյան կապիտալը ԼՂՀ վաղուց է եկել:  Ինչ վերաբերում է «ոչ հայկական» ներդրումներին, ապա նրանց ներգրավումը ԼՂՀ-ի տնտեսություն բարդանում է մեր իրավիճակի  առանձնահատկությամբ. ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորված լինելը  եւ միջազգային ճանաչման կարգավիճակի բացակայությունը ԼՂՀ-ին զրկում են մի  շարք հնարավորություններից, որոնք ունեն ճանաչված պետությունները: Ելքը համապատասխան ներդրումային միջավայրի ձեւավորումն ու աջակցությունն է, որը կփոխհատուցի հնարավոր ռիսկերը եւ ԼՂՀ-ում բիզնեսն ավելի գրավիչ կդարձնի արտասահմանյան ներդրողների համար:

Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է կարեւոր ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության միւջեւ հարաբերությունների կարգավորումը եւ վստահության մթնլորտ ստեղծելը, հաշվի առնելով, որ ժողովուրդները երկար ժամանակ կողք կողքի են ապրել:

Նման կապերը խիստ անհրաժեշտ են: Ըստ իս` կարգավորման նպատակը պարզապես թշնամությունից պաշտոնական հրաժարում չէ, այլ պատմական հաշտության ձեռքբերումը երկու ժողովուրդների միջեւ, որը վերածնում է բարիդրացիության ավանդույթները եւ նախապայմաններ չի թողնում ապագա հակամարտությունների համար: Հասարակությունների միջեւ կապերը կարող են այդ ուղու մեկնարկը լինել: Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց հասարակության մեջ ատելության մթնոլորտ սերմանել եւ Ղարաբաղի հետ երկխոսությունը կարգավորելու վերաբերյալ ցանկացած նախաձեռնության խոչընդոտում են բոլոր ուղղություններով:  Իսկ դա փակուղի է:

Ըստ Ձեզ` կարելի՞ է արդյոք հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց սպասել 2014թ.: Հնարավո՞ր է արդյոք իրական առաջխաղացում` առանց բանակցային գործընթացին ԼՂՀ-ի մասնակցության: 

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առաջընթացը հնարավոր է կողմերի` ընդառաջ քայլերի դեպքում: Մինչդեռ, ադրբեջանական զինվորների կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումները, դիպուկահարների պատերազմը եւ խաղաղ գյուղերը գնդակոծելը վկայում են Ադրբեջանի կողմից  հակամարտության գիծը շարունակելու մասին: Նման պայմաններում փոխհամաձայնություն ձեռքբերելու մասին չենք էլ մտածում: Միշտ էլ կարծել եմ եւ շարունակում եմ կարծել, որ բեկումը հնարավոր է բանակցություններում ղարաբաղյան կողմի մասնակցության դեպքում: ԼՂՀ-ի հետ երկխոսության պատրաստակամությունը կդառնա կարգավորման ուղիներ փնտրելու Բաքվի սկզբունքային պատրաստակամության վկայությունը:

Զրուցեց Մարիամ Լեւինան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ