News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ ապագա նախագահ Ան Բրասորը՝ որպես պատգամավոր եւ Լիբերալ-դեմոկրատների դաշինքի նախագահ, միշտ բացահայտ եւ հրապարակավ դեմ էր արտահայտվում Ադրբեջանում տիրող հակաժողովրդավարական կարգերին եւ այդ երկրի  «խավիարային դիվանագիտությանը»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ նախագահի սպասվող փոփոխությանը:

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ նախագահի փոփոխությունից հատուկ սպասելիքներ պետք չէ ունենալ, քանի որ անկախ նրանից՝ ով է ընտրվել, նա պարտավոր է ղեկավարվել Եվրոպական խորհրդի հիմնարար արժեքներով՝ Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն. «Մեր պատվիրակության երեք անդամներ, այդ թվում ես, Լիբերալ-դեմոկրատների դաշինքի անդամ ենք, որը ղեկավարում է Ան Բրասորը, եւ, ռոտացիոն կարգի համաձայն, հունվարին ԵԽԽՎ-ի նախագահ առաջադրվելու հերթը հասավ այդ խմբակցությանը», - նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ առաջին անգամ ԵԽԽՎ նախագահ կլինի տվյալ խմբակցության ներկայացուցիչը:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ Ան Բրոսարը բավական սկզբունքային կին է: «Նա միանգամայն անաչառ է վերաբերվում մարդու իրավունքների, ժողովրդավարության ցանկացած խախտման, եւ իրոք հավատարիմ է ԵԽԽՎ-ի հիմնարար արժեքներին: Հուսով եմ, որ նրա նախագահության ընթացքում մենք եվրոպական երկակի ստանդարտներ չենք տեսնի, որը նկատվում է վերջերս միջազգային կառույցներում», - ասաց պատգամավորը:

Նշենք, որ հունվարի 27-31-ին տեղի կունենա ԵԽԽՎ-ի նստաշրջանը, որի ընթացքում ընտրվելու է ԵԽԽՎ նոր նախագահ: Եվրոպական ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը ներկայացնող ԵԽԽՎ-ի գործող նախագահ Ժան Կլոդ Մինյոնին փոխարինելու է Լիբերալ-դեմոկրատների դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Ան Բրոսարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ