News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախում բացահայտել են 3 տարվա վաղեմության հանցագործությունները:

ԼՂՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, թե 2010թ. դեկտեմբերի 30-ին, ժամը 04:30-ի սահմաններում, դիմակավորված  եւ զինված երկու անհայտ անձինք ավազակային հարձակմամբ ապօրինի մուտք էին գործել Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի 14  հասցեում տեղակայված «Պետրոլ սերվիս» ՓԲԸ  գազալցակայանի օպերատորի աշխատասենյակ եւ գազալցավորող Մխիթար Ավանեսյանի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տալու եղանակով հարվածել վերջինիս գլխի տարբեր հատվածներին` պատճառելով նրան մարմնական վնասվածքներ: Այնուհետեւ նրանք հափշտակել  են աշխատասենյակում գտնվող մետաղյա  պահարանը, որի մեջ առկա էր մոտ 1.000.000  ՀՀ դրամ  գումար:

ԼՂՀ  իրավապահ մարմինների,  ոստիկանության քրեական հետախուզության եւ քննչական վարչությունների, Ստեփանակերտի քաղվարչության, Շուշիի ու Մարտակերտի շրջբաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ավազակային հարձակումը կատարել են եղբայրներ` Ստեփանակերտ քաղաքի Ստեփգէսի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 17 տան բնակիչներ, 1979թ. ծնված Սերգեյ Բորիսի Հարությունյանը եւ 1980թ. ծնված Էրիկ Բորիսի Հարությունյանը: Շուտով հայտնաբերվել են նաեւ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը եւ  կարճեցված փողով հրացանը:

Հարությունյանը մեղադրվում է նաեւ 2011թ. նոյեմբերի 26-ին կատարված հանցագործության մեջ: Այդ օրը, ժամը 19:00-ից  մինչեւ նոյեմբերի 27-ի ժամը 09:10-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք երկփեղկանի մետաղյա դռանը ամրացված կողպեքին միացվող ելուստը ջարդելու միջոցով ապօրինի մուտք էին գործել Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան-2բ շենքի բակում տեղակայված` Գարիկ Գրիգորյանին պատկանող, 77 2բ/10  համարի ավտոտնակ եւ նույն  հարմարանքով ջարդելով ավտոտնակում կայանված, վերջինիս պատկանող «Մերսեդես Ե 230» մակնիշի 01 ՏՍ 311 պետհամարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկի փականը, ներսից գաղտնի հափշտակել են Գարիկ Գրիգորյանի կնոջը` Էլմիրա Գրիգորյանին, պատկանող երկու պայուսակները, որոնց մեջ առկա էին 32.000.000  ՀՀ  դրամ գումարի տարբեր տեսակի թվով 421 կտոր ոսկյա զարդեր:

ԼՂՀ իրավապահ մարմինների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը եւս կատարել են եղբայրներ Էրիկ եւ Սերգեյ Հարությունյանները:

Բացի այդ,  օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում հաջողվել է բացահայտել նաեւ 2012թ. օգոստոսի 9-ին Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի թիվ 3 հասցեում տեղակայված` Ռադի Աբրահամյանին պատկանող, «Ռադի Աբրահամյան» ԱՁ խանութից տարբեր տեսակի 37 հատ անվադողերի ու համակարգչի  գողության  դեպքը:

Դարձյալ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը հեղինակել եւ կատարել են Էրիկ Բորիսի Հարությունյանը եւ 1980թ. ծնված, ՀՀ Գյումրի քաղաքի բնակիչ Արթուր Մելսիկի  Կարապետյանը:  Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Նշված բոլոր դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը վերսկսվել է: Էրիկ Բորիսի Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում:

Տպել
Ամենաշատ