News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանը առայժմ պարտավորություն է ստանձնել Մաքսային միությանը անդամագրվելու, բայց սա երկարաժամկետ գործընթաց է: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Վաշինգտոնում գործող «Կարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան, կովկասյան հարցերով փորձագետ Թոմաս դը Վաալը:

Վերջինս կարծում է, թե Հայաստանը, և կոնկրետ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում էր բաց պահել իր հնարավորությունները, նա ուզում էր թե՛ Եվրոպայի, և թե՛ Ռուսաստանի հետ համագործակցել, սակայն փաստորեն քաղաքական պատճառներով, և իհարկե, Ռուսաստանի ճնշման տակ, նա ստիպված էր ընտրություն կատարել և ընտրել Ռուսաստանը: «Բայց կարծում եմ, որ Մաքսային միության հետ կապված շատ հարցեր կան` այն առումով, թե որքանո՞վ այն կենսունակ կլինի: Մենք արդեն իսկ տեսնում ենք որոշակի հակազդեցություններ, դժգոհություններ Ղազախստանի նախագահ Նազարբաևի և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կողմից: Նրանցից յուրաքանչյուրը սեփական, մյուսներից տարբերվող մոտեցումներ ունի Մաքսային միությանը: Նրանք այն համարում են առավելապես տնտեսական համագործակցության սերտացման միջոց, այդպիսին է, մասնավորապես, Ղազախստանի դիրքորոշումը: Մինչդեռ Վլադիմիր Պուտինի համար սա ավելի շատ այսպես ասած` քաղաքական պրոյեկտ է: Այնպես որ, կարծում եմ՝ մենք որոշակի խնդիրներ ենք տեսնելու Մաքսային միության հետ կապված և եթե-ները` այն առումով, թե այս միությունը առհասարակ կկայանա՞ և կգործի՞, շարունակում են մնալ»,- նշել է փորձագետը:

Փոմաս դե Վաալը կարծում է, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը իսկապես որոշակի հետևանքներ կունենա ներքին քաղաքականության առումով: «Կարծում եմ, որ հասարակությունն Հայաստանում այնքան ռուսամետ տրամադրվածություն չունի, որքան քաղաքական էլիտան: Ժողովուրդն ուզում է տեսնել Ռուսաստանին որպես անվտանգության երաշխավորի, հասարակությունը կողմ է Ռուսաստանի հետ կապեր ունենալուն, սակայն վերջին տասը տարիներին մենք տեսնում ենք, որ հայաստանյան հասարակությունը աճ է ապրել, և ասում է` Հայաստանը Հայաստան է, Ռուսաստանը` Ռուսաստան, և չի ցանկանում այս` գաղութայինի նմանվող հարաբերությունը Ռուսաստանի հետ, որը հենց այն է, ինչ տալիս է Մաքսային միությունը»,- նշել է փորձագետը եւ հավելել. «Միևնույն ժամանակ, քաղաքական էլիտան, ինչպես գիտենք, շատ ռուսամետ է, նույնիսկ եթե նայենք նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, նա մի շարք բավական ռուսամետ հայտարարություններ է արել վերջին մեկ-երկու տարում: Եվ ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը զգում էր այդ ճնշումը` «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի, իր նախորդի` Ռոբերտ Քոչարյանի կողմից, և այս որոշումն ընդունելու նպատակներից մեկը ներքին քաղաքական ճակատում պրոռուսական ճնշումներից, ներքին քաղաքական դաշտում Կրեմլի աջակցությունը ստանալու ճնշումներից ձերբազատվելն էր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ