News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ալիեւը կապկում է Դավութօղուի «խաղաղասիրությունը»: Այս մասին իր հոդվածում նշում է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա հոդվածը.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ եթե Հայաստանը «կառուցողական դիրքորոշում» ցուցաբերի ղարաբաղյան խնդրի լուծման գործում, ապա «կարճ ժամանակահատվածում կարելի կլինի համաձայնության գալ»:

Համաձայն Ալիեւի` որեւէ տեղաշարժ չի արձանագրվել արցախյան բանակցությունների ուղղությամբ: Թեեւ տարեվերջին որոշակի աշխուժացում նկատվել է: Ընդհանուր այս պարունակում հայտարարությունը շարունակվում է:

«Որոշակի հույսեր, որոշակի լավատեսական պահեր կան, բայց 2014 թվականին մենք կուսումնասիրենք դրանք: Ամեն դեպքում, 2014 թվականին Հայաստանի իրական մտադրությունը ամբողջովին կպարզվի», ասել է Ադրբեջանի նախագահը:

Հայտարարությունը նաեւ այլ բաժիններ ունի: Կվերադառնանք այդ բաժիններին: Փորձենք դիտարկել այս հատվածը: Ուրեմն, Բաքուն կառուցողականություն է ակնկալում Երեւանից: Մինչ այդ սակայն, կառուցողականություն ակնկալողը բացի հրադադար խախտելուց եւ դիվերսիոն գործողություններ կազմակերպելուց, աննախադեպ վտանգավոր քայլերով նախահարձակողականության այլ հարթություններ է թեւակոխում: Ադրբեջանական կողմից կրակահերթ է ոչ միայն Ադրբեջանի եւ Արցախի շփման գծում, այլ ուղղակի դեպի Հայաստանի Հանրապետության տարածք:

Նման հարձակողապաշտության դրսեւորումներ ցուցադրելուց հետո, թվում է, թե «կառուցողականության» եւ  «խաղաղասիրության» ակնկալություններ հայտարարելու հայտարարությունը Բաքու է հասել Անկարայից: Այս հատվածի երկրորդ բաժինը այդ մասին մտածելու տեղիք է տալիս: Ալիեւը փաստորեն կապկում է Դավութօղլուի «խաղաղասիրությունը»: Նման է սա մանավանդ, երբ նկատի կունենանք տարեվերջին երեւացած, ըստ Ալիեւի անշուշտ, ուղղակի որոշակի աշխուժացումը: Տարեվերջին Դավութօղլուն այցելել էր Երեւան, Սեւծովյան երկրների տնտեսական համագործակցության համաժողովի շրջագծում: Այցելության նախորդող ժամանակաշրջանում եւ այցելության օրերին եւ դրանից  անմիջապես հետո, դիպաշարին հետեւողը ականատես եւ ունկնդիր դարձավ իբրեւ թե կառուցողականություն ցուցադրող Անկարայի թիվ մեկ դիվանագետի ասելաձեւերին: Դրանց հետեւեց անշուշտ Թուրքիայի քարոզչաքաղաքական խմբի նվագը, որը ներդաշնակ էր թուրք արտգործնախարարի ճիպոտի շարժումներին:

Այս բոլորի նկատմամբ լուռ էր Բաքուն` թե՛ քաղաքական եւ թե՛ տեղեկատվական առումներով: Լուռ անհանգստություն կար Թուրքիայի բեմադրած համանվագի դիմաց, որ բացատրվում էր Բաքվի շրջանցումով հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման (ան)հավանական մեկնարկի նախատեսումով: Թեեւ, Անկարայի ներկայացուցիչը ամեն պատեհ-անպատեհ առիթի հիշեցնում էր արցախյան հարցի լուծման անհրաժեշտությունը: Նույնիսկ պաշտոնապես հայտարարվում էր հարաբերությունների վերամեկնարկման աշխատանքների վերջին փուլում լինելը։

Ալիեւի կողմից կառուցողականություն ակնկալելու այս հայտարարությունը համահունչ է Դավութօղլուի բեմականացումներին նաեւ 2014-ի նշումով: Թվականը անպայման հայ-ադրբեջանական բանակցություններին միայն չի վերաբերում: Երեւան-Անկարա հարաբերությունների վերամեկնարկը պայմանավորված է հայկական ուժերի Արցախից հեռացումով: Պատվերային ապատեղեկատվությունը խոսում էր հայկական համաձայնության մասին արցախյան երկու շրջաններից հայկական ուժերը հեռացնելու մասին: Ալիեւի ակնկալածը 2014-ին նման տեղաշարժի մասին է: Ինչ որ նաեւ Դավութօղլուին, լավատես լինելու միտումներ փոխանցած էր:

Կառուցողականության, բանակցությունների աշխուժացման եւ խաղաղասիրական շեշտադրումներով հանդես գալու Անկարայի ցուցմունքը հայտնապես ձախող կերպով կատարել է Բաքվի առաջնորդը: Հայտարարությունն ավարտվում է հետեւյալ բառերով. «Մեր ռազմական հզորությունը վճռական դեր կխաղա միջազգային նորմերին համապատասխան Լեռնային Ղարաբաղի հարցին արդարացի լուծման գործում: Մեր բանակը աշխարհի ամենաուժեղ բանակներից է»:

Անկախ նրանից, որ միջազգային նորմերի ճշտած սահմանները վաղուց անցել է ադրբեջանական սպառազինումը, մի պահ  պետք է կենտրոնանալ Ադրբեջանի նախագահի կատարած իր իսկ էության վերադարձին: Ռազմական հզորության վճռական դեր վերապահելով Ալիեւը միեւնույն հանգերգն է, որ կրկնում է: Հիմա պետք է մտածել, թե քաղաքական նման պահվածքի դիմաց ի՞նչ կառուցողականություն կսպասվի հայկական կողմից:

Խնդիրը սակայն, այս դեպքում Անկարայի ցուցմունքը Բաքվի կողմից ձախողելն է:

Տպել
Ամենաշատ