News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում գրանցել է փոխադարձ վստահության մակարդակի նվազում: Այս մասին հունվարի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի պաշտոնատար անձինք խուսափում են Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների հետ կապերից եւ հանդիպումներից, քանի որ հասկանալի պատճառներով չեն ցանկանում ջուր լցնել թուրքական ստի ջրաղացին: «Այս տեսանկյունից ինձ համար անհասկանալի է Էդվարդ Նալբանդյանի համաձայնությունը Երեւանում Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպմանը, երբ Թուրքիայի կողմից որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել Հայաստանի հետ հարաբերություններում, եւ այն շարունակում է թշնամական քաղաքականությունը», - նշել է Կարապետյանը:

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու  Սերժ Սարգսյանի նախաձեռնությունից հետո 2008 – 2009թթ.  Հայաստանի գործարարներն ավելացրել են Թուրքիայից ներկրումները: «Ներկայումս մենք Թուրքիայից ներկրել ենք 200 միլիոն դոլարի եւ արտահանել ընդամենը 1,5 միլիոն դոլարի ապրանք: Այսինքն՝ այդ նախաձեռնությունից  շահել է Թուրքիայի տնտեսությունը, եւ տուժել ենք միայն մենք», - կարծում է ընդդիմադիրը:

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն ստորագրել էին երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված հայ-թուրքական արձանագրություններ: Սակայն նախապայմաններ առաջադրած Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով, վավերացման գործընթացը դադարեցվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ