News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելու պաշտոնական ազդանշանը տրվել է։ Դիւանագիտական ներկայացուցիչների ընդհանուր հավաքի առիթով թե նախագահ Գյուլի եւ թէ վարչապետ Էրդողանի ցուցմունք-ուղերձները շատ համահունչ են իրար եւ համարյա միեւնույն բովանդակությունն ունեն:

Այսպես. նշելով, որ շուտով լրանում է առաջին համաշխարհային պատերազմի 100 ամյակը, եւ հավանականություն կա, որ Թուրքիան միջազգային օրակարգ կգա բացասական լույսի ներքո, Գյուլը կարեւորել է համապատասխան աշխատանքների կատարումը: Նա, մասնավորապես, հանձնարարել է անել ամեն հնարավորը, որպեսզի թուրքական պետությունը կրկին աշխարհի աչքին փայլի եւ երեւա դրական լույսի ներքո:

Մինչ վարչապետը, իրեն հատուկ ոճով եւ տոնայնությամբ միեւնույն ուղերձն է փոխանցել։ Նա  խոսել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Հայկական սփյուռքի նախաձեռնությունների մասին: Թուրքական «Դունյա բուլթենի» լրատվականի կայքի փոխանցմամբ` էրդողանը նշել է, թե Հայկական սփյուռքը պատրաստվում է 1915 թվականը միակողմանի ներկայացնել եւ վերածել քաղաքական արշավի: «Այդ սեւ քարոզչության առաջ մենք ամուր կանգնելու ենք»,- ասել է Էրդողանը:

Ըստ նրա` Թուրքիայում փորձեր եղել են սրբագրել պատմությունը, այլ կերպ ներկայացնել, սակայն թուրք ժողովուրդը սուտ պատմության մոլորության մեջ չի ընկել։

Եթե նախագահն ու վարչապետը ուղղակի հարյուրամյակն ակնարկելով հանձնարարություններ են փոխանցում Թուրքիայի արտաքին գերատեսչության պաշտոնյաներին, ապա այդ ոլորտը ղեկավարող արտգործնախարարը տարբեր ոճ եւ մարտավարություն է որդեգրել։ Երեւանի Սեւծովյան համաժողովից ի վեր նա շարունակում է  կենտրոնանալ հայ-թուրքական հարաբերությունների վերաձեռնարկման  հնարավոր ուղիների վրա, չմոռանալով իհարկե Բաքվի բաժինը։ Դավութօղլուն իր աճպարարական ասելաձեւերում չի մոռանում նաեւ Սփյուռքը ` թուրքական Սփյուռքի նշանավոր տեսությունը տարբեր առիթներով կրկնելով։

Թուրքական ներիշխանական դերերի բաշխման պատկերը մոտավորապես հետեւյալն է պարզում. մինչ Գյուլ-Էրդողանը Հայոց ցեղասպանության հարյուրամյակը  վերածում են  Թուրքիայի դիմագիծը միջազգային հարթության վրա պայծառացնելու առիթի, թուրք արտգործնախարարը «թուրքական Սփյուռքի» տեսության գործնականացման բեմագրություններ է սեւագրում։ Պարզ է տրամաբանությունը։ Այսօրվա Հայկական սփյուռքը շառավիղն է Օսմանյան կայսրության նախկին քաղաքացի հայերի. ուրեմն նրանք «անմարդկայնորեն տեղահանվածներ» ժառանգորդներն են, որոնց իրավունք է տրվում վերդառանալու իրենց երկիրը։ Ավելին. ոչ միայն վերադառնալու, այլ վերատիրանալու իրենց ունեցվածքներին, կալվածքներին, կամ հատուցում ստանալու այդ բոլորի դիմաց։ Բնականաբար, անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդները առաջին հերթին պետք է վերականգնեն իրենց քաղաքացիությունը եւ վերջին հերթին իրավականորեն հաստատեն, թե իրենց իրավունքները լրիւ ստացել են, այս դեպքում իրենց անմարդկայնորեն տեղահանածների ժառանգորդներից։

Էրդողանի համոզմամբ Թուրքիայի դեմ սեւ PR իրականացնողները Դավութօղլուի բանաձեւումով անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդներն են, որոնք հրավիրում է իր պաշտոնյան։

Երկու այս մոտեցումների արանքներում, թվում է թե Անկարան պիտի շարունակի իրականցնել սեւ PR անմարդկայնորեն տեղահանվածների ժառանգորդների նկատմամբ։ Իսկ սա Գյուլ-Էրդողան-Դավութօղլուի եռյակի համոզմամբ պիտի պայծառացնի Թուրքիայի դիմագիծը միջազգային հարթության վրա։

Շահան Գանտահարյան, Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի խմբագիր

Տպել
Ամենաշատ