News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված 18-ամյա զինծառայող Մհեր Խլղաթյանի առողջական վիճակը լավ է եւ դեռ ավելի կլավանա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասցա Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այցելել է հոսպիտալում գտնվող զինծառայողին եւ անձամբ զրուցել իր հետ: «Նրա վիճակը լավ է եւ բժիշկները ասում են, որ դեռ ավելի լավ կլինի: Ծեծի մասին զինվորը ոչինչ չի ասում, մայրն էլ անձամբ ինձ ժխտեց, թե հայտարարել է, որ իր որդու վրա ծխախոտ են հանգցևել եւ այլն: Ես անձամբ զինծառայողի մարմնին այրվածքի հետքեր չեմ տեսել, կապտուկներ կային, դրանք ոչ ոք չի հերքում, կապտուկներ կային գլխին, թեւերին եւ այլն»,- ասաց մամուլի քարտուղարը:

Նա նշեց, որ դեպքի առթիվ նշանակված ծառայողական քննությունը դեռ ընթանում է, առայժմ արդյունքների մասին վաղ է խոսել:

Նշենք, որ գործի շրջանակներում ձերբակալվել է երեք հոգի՝ այդ  զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը, նույն զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանը եւ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը:  Նրանք կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ `«մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը»:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 02-10-ի  սահմաններում  ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից  երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ զինծառայողին դաժան ծեծի են ենթարկել, իսկ հիվանդանոցի տնօրենը նշում է, որ նրա մոտ առկա է երկկողմանի ծանր թոքաբորբ, որի հետեւանքով էլ հոսպիտալացվել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ  (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)  եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ