News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանում կայացած Հայաստանի քաղաքագիտության ասոցիացիան հայտարարություն է ընդունել «1990-ի հունվարին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի եւ դրանց հաջորդած՝ զորք մտցնելու վերաբերյալ ճշմարտության խեղման՝ ադրբեջանական իշպանությունների քաղաքականության մասին»:

NEWS.am-ը ներկայացնում հայտարարությունն ամբողջությամբ.

«2014 թ. հունվարին լրանում է Բաքվում հայերի ջարդերի 24-րդ տարեդարձը: Այդ ողբերգական իրադարձությունները կազմակերպել էր Ադրբեջանի ժողովրդական ճակատը` Ադր. ԽՍՀ եւ ԽՍՀՄ ղեկավարության հանցավոր թողտվության պայմաններում: Ադրբեջանի մայրաքաղաքում գազանաբար սպանվեցին հարյուրավոր հայեր: Բաքվի փողոցներում նրանց վրա բենզին էին լցնում եւ մոլեգնած ամբոխի ծափահարությունների ներքո կենդանի հրկիզում, անպաշտպան երեխաներին, կանանց ու ծերերին տների բարձր հարկերից դուրս էին նետում` բնակարանների եւ ունեցվածքի զավթմամբ եւ այլն: Բաքվի հայ համայնքը, որի թվաքանակը 1988 թ. կազմում էր մոտավորապես 300 հազ. մարդ, եւ որը կարեւոր դեր էր խաղում Ադրբեջանի տնտեսական ու մշակութային կյանքում, դադարեցրեց իր գոյությունը, նրա մազապուրծ եղած ներկայացուցիչները, կորցնելով ամեն ինչ, դարձան փախստականներ: Գազանաբարո ադրբեջանցի ջարդարարների զոհ դարձան, բացի հայերից, ռուսները, ուկրաինացիները, հրեաները, ինչպես նաեւ այն ադրբեջանցիները, որոնք խիզախություն ունեցան փրկելու առանձին հայերի:

Մարդկայնության դեմ այս սահմռկեցուցիչ հանցագործությունները չդատապարտվեցին: Ավելին. Ադր. ԽՍՀ ղեկավարությունը, գործելով կենտրոնական իշխանությունների հետ հանցավոր համաձայնությամբ, հրաժարվեց այդ ոճրագործությունների հետաքննությունից: Բաքուն հրաժարվեց հունվարյան իրադարձությունների վերաբերյալ արխիվային նյութե¬րի հրապարակումից եւ հետագայում` հայր ու որդի Ալիեւների օրոք, հարկ չհամարեց գոնե ձեւականորեն որեւէ մեկի պատասխանատվության ենթարկել եւ քրեական գործ հարուցել:

Պաշտոնական Բաքուն շարունակում է պատմության կեղծարարության նպատակաուղղված քաղաքականությունը` փորձելով, ստորաքարշելով հակառուսական տրամադրություններին, նշված իրադարձությունները ներկայացնել որպես «ԽՍՀՄ կազմից դուրս գալու համար ադրբեջանական ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը միութենական կենտրոնի կողմից արյան մեջ խեղդելու ինքնանպատակ փորձ»: Մինչդեռ տվյալ դրույթը հակասում է պատմական փաստերին եւ տարրական տրամաբանությանը, ինչի վկայությունն են 1991 թ. մարտի 17-ի համամիութենական հանրաքվեի արդյունքները, ըստ որոնց` Ադր. ԽՍՀ բնակչութ¬¬յան 70 %-ից ավելին արտահայտվեց հօգուտ միութենական պետության պահպանման:

ԱդրՀ ղեկավարության կեղծարարական քաղաքականության բնութագրական դրսեւորում է «Հունվարի 20-ի ողբերգության 24-րդ տարեդարձի կապակցությամբ միջոցառումների պլանը», որը վերջերս հաստատեց Ադրբեջանի Հանրապետության Նախագահի վարչակազմի ղեկավարը: Դրա հիմքում հանցագործ պետության անմիջական իրավահաջորդի փորձն է ցեղասպանությունների զոհերի հիշատակման ավանդույթի եւ ծեսերի օգտագործմամբ թաքցնելու 1990 թ. հունվարին Բաքվի խաղաղ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ժողովրդական ճակատի ջարդարարների իրագործած զանգվածային գազանությունների մասին սարսափելի ճշմարտությունը: Դրանով իսկ ցինիկորեն մի նժարի վրա են դրվում զոհերն ու նրանց դահիճները, որոնցից շատերը ներկայումս էլ առանցքային դեր ունեն Ադրբեջանի Հանրապետության քաղաքական կյանքում:

Տվյալ մոտեցումը օրգանապես բխում է Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունից, որի ակնառու օրինակ է ԱդրՀ կառավարության 2014 թ. հունվարի 9-ի նիստում Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե Ադրբեջանը կկիրառի իր ռազմական մեքենան, եթե Հայաստանը հրաժարվի Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար Բաքվի կողմից պարտադրված միակողմանի զիջումների գնալուց: Միեւնույն ժամանակ, Բաքվի իշխանությունների կողմից հրահրվող սպառազինությունների մրցավազքն ստիպում է հայկական կողմերին ձեռնարկել ուժերի երաշխավորված հաշվեկշռի պահպանմանն ուղղված միջոցներ: Մինչդեռ Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ բանական ուղին են` ՀՀ-ի, ԼՂՀ-ի եւ ԱդրՀ-ի միջեւ ստեղծել փոխվստահության մթնոլորտ` հիմնված, ինչպես առաջարկվել էր Պաղեստինա-իսրայելական հակամարտության դեպքում, ԼՂՀ եւ ԱդրՀ փոխադարձ ճանաչման վրա, եւ բանակցությունների գործընթաց որպես լիիրավ կողմի վերադարձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն ստեղծվել է «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման մասին» ԽՍՀՄ վերակառուցումային օրենքին համապատասխան` նախքան ԽՍՀՄ պաշտոնական լուծարման մասին Ալմա Աթայի հռչակագրի ստորագրումն անցկացված օրինապատշաճ հանրաքվեի արդյունքներով:

Հարգանքի տուրք մատուցելով հունվարյան ջարդերի ու կոտորածի անմեղ զոհերի հիշատակին` Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիան դատապարտում է 1990 թ. հունվարին հայերի կոտորածի, ինչպես նաեւ դրան հաջորդած` զորք մտցնելու մասին ճշմարտության խեղման ԱդրՀ ղեկավարության պղծաբարո քաղաքականությունը եւ միջազգային հանրությանը կոչ է անում չենթարկվելու ադրբեջանական իշխանությունների քարոզչական հերյուրանքներին ու ձեռնածություններին: Հայաստանի քաղաքական գիտութ¬յան ասոցիացիան ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի, Եվրոպական Միության, ԵԱՀԿ,  այդ կազմա¬կերպությունների անդամ պետությունների ղեկավարների եւ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների ուշադրությունը հրավիրում է պատմական ճշմարտության չարանենգ ու հիմնահատակ խեղման անթույլատրելիության վրա, խեղում, որն ուղեկցվում է Բաքվի 1990 թ. հունվարի արյունալի իրադարձությունների իսկական զոհե¬րի հիշատակի պղծմամբ: Մենք նաեւ դիմում ենք Ադրբեջանի ժողովրդի բոլոր ազնիվ որդիներին ու դուստրերին կոչով` սթափ գնահատել իրենց իրական պատմությունը` դրանով իսկ ճանապարհ հարթելով Ադրբեջանի ժողովրդավարական զարգացման եւ հայ ու ադրբեջանական ժողովուրդների միջեւ միջազգային իրավունքի նորմերի ու համամարդկային արժեքների հիման վրա կայուն խաղաղության հաստատման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ