News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վճռաբեկ դատարանը ետ էր վերադարձրել Մարիամ Գեւորգյանի բողոքը՝  իրեն խոշտանգումների ենթարկած սկեսուրի դատավճիռը փոխելու վերաբերյալ: Դրանից հետո 4 տարվա ազատազրկման դատապարտված Հայկանուշ Միքայելյանը մոտ մեկ տարի պատիժը կրելուց հետո 2013թ վերջին՝ համաներման շրջանակներում, ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարիամ Գեւորգյանի փաստաբանը՝ Նոնա Գալստյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենք քաղաքացիական հայոց դիմել են Արարատի եւ Վայոց ձորի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջվելով պատճառված նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցում: Այսօր՝ հունվարի 30-ին, ներկայացված քաղհայցի շրջանակներում կկայանա հերթական դատական նիստը: Հասցված նյութական վնասի համար Մարիամ Գեւորգյանը պահանջում է 2 մլն 620 հազար դրամ, իսկ որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ պահանջում է 10 մլն դրամ:

NEWS.am-ը զրուցեց նաեւ Մարիամ Գեւորգյանի հետ, ով ասաց, որ լավ է, աշխատում է որպես սոցաշխատողի օգնական: Նա խնդրեց անձնական կյանքին չանդրադառնալ, ինչ վերաբերում է նախկին ամուսնուն եւ նրա հարազատներին, Մարիամ Գեւորգյանը նրանցից տեղեկություն չունի:

Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը, իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ խոշտանգումների էր ենթարկել հարսին: Մարիամը Դավիթի հետ ամուսնացել է 2009թ. նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի եւ խոշտանգումների են ենթարկել: Երեւան վերադառնալուց հետո Գեւորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչեւ 3 տարվա ազատազրկման: Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածքներ հասցնել) եւ 119 (խոշտանգում) հոդվածներով: Նա մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ժամկետի 1/3-ը հանվել է:

Տպել
Ամենաշատ