News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հունվարի 28-ին հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի արձակած գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Կարեն Գալստյանի հիշատակին այսօր` հունվարի 30-ին, մոտ հարյուր քաղաքացիներ մոմառություն են անցկացրել Սիսիանի հրապարակում տեղադրված Կարենի լուսանկարի մոտ: Մոմավառության տեսագրությունը NEWS.am-ին տրամադրել են զոհված զինծառայողի ընկերները։

Մոմավառությունը կազմակերպել է Սիսիանի քաղաքապետարանը: «Մարդիկ եկան մոմեր վառեցին, իսկ հիմա էլ մոմերով երթով շարժվում ենք դեպի Կարենենց տուն: Իրենց տունը Սիսիան քաղաքի ծայրամասում է, որը գտնվում է Ույծ գյուղի հարեւանությամբ: Մարդիկ շատ ծանր են տանում կորուստը. երիտասարդ, համեստ, խելոք տղա էր»,- ասաց Կարեն Գալստյանի ընկերը:

Վաղը` հունվարի 31-ին, Կարեն Գալստյանին կհուղարկավորեն զինվորական կարգով։ Հուղարկավորությանը կմասնակցեն նաեւ ԶՈւ բարձրաստիճան սպաներ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Կարեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հիշեցնենք, որ 2014թ. սա ադրբեջանական գործողությունների հետեւանքով արդեն երկրորդ մահվան դեպքն է հայկական զինված ուժերում։ Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիոն գործողությունը կասեցնելիս զոհվել էր 19-ամյա կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։

Տպել
Ամենաշատ