News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում գերի ընկած 77-ամյա Մամիկոն Խոջոյանին հարազատների անժամանակ մահն է խելագարության հասցրել։  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը։ Գյուղապետը պատմեց, որ գերի ընկած տղամարդու կինը մոտ 55 տարեկանում է մահացել, տղան՝ մոտ 35 տարեկան հասակում: Նրա երկու թոռները Ռուսաստանում վթարի զոհ են դարձել, մյուս թոռը Հայաստանում հիվանդության պատճառով է մահացել, իսկ թոռներից մեկն էլ  հազիվ են հետ պահել ինքնասպանությունից։

Կամո Չոբանյանը պատմեց, որ Լիպեցկում բնակվող նրա որդին այդ ամենից հետո հորը տանում է իր մոտ, սակայն նա արդեն հոգեկան խնդիրներ է ունենում եւ հայրը Լիպեցկից գնացք է նստել եւ փախել։ «Օրեր անց նրան Մոսկվայում հայտնաբերեցին»,- հիշեց գյուղապետը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենց այցելած Կարմիր Խաչի ներկայացուցիչներին Մամիկոն Խոջոյանի թոռը նամակ է հանձնել։ «Գրած էր, որ սպասում ենք, կարոտում ենք, շուտ արի»,- մանրամասնեց գյուղապետը։

Ինչ վերաբերում է Մամիկոն Խոջոյանի ձեռքի կոտրվածքին, գյուղապետն ասաց. «Չենք կարծում, թե ձեռքը կոտրված է, քանի որ նա առաջին օրվա վիդեոյի մեջ շարժում է ձեռքը։ Պարզապես գիպս են դրել ցույց տալու համար, թե ինչ մարդասեր եւ սիրալիր ժողովուրդ են։ Կամ, որ այդ վիդեոյի մեջ ասում է. «Մեքենա ունեմ, խաղող եմ հավաքել», ինքը, երբեք մեքենա չի ունեցել։ Վերջին 5 տարիների ընթացքում նա ոչ մի ֆիզիկական աշխատանք չի կատարել։ Իսկ տարիներ առաջ մեր ջրային տնտեսությունում էր աշխատում»,- ասաց գյուղապետը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը  Տավուշի մարզի Վերին  Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է: Գյուղապետը պատմել էր նաեւ, որ Մամիկոն Խոջոյանը հոգեկան հիվանդությամբ է տառապում: «Նա դիսպանսերում է գրանցված,  հիվանդ է: Կեսօրին գյուղացիները նրան տեսել են՝ դույլը ձեռքին, հարցրել են, թե, Մամիկոն, բա ո՞ւր ես գնում, ասել է, թե խաղողը քաղելու: Բայց այս ձմեռվա կեսին ի՞նչ խաղող: Դե այգիները գյուղից 8 կմ է հեռու, այդպես իջել է եւ պատահաբար սահմանն անցել»,- պատմել էր  Կամո Չոբանյանը: Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները նախ հայտնել էին, որ հայ դիվերսանտ են բռնել, հետո էլ ստիպված էին հայտարարել, որ տարեց տղամարդու են բռնել՝ սահմանը հատելու փորձ կատարելիս: Ադրբեջանի գերիների, անհետ կորածների եւ պատանդների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հայտնել էր, թե հունվարի 28-ին, ժամը 16-ի սահմաններում Խոջոյանը ձերբակալվել է Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչների կողմից եւ հանձնվել զինվորականներին: Թովուզի շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Մահիր Հասանովը հայտնել էր, թե ՀՀ քաղաքացին ձերբակալվել է գետն անցնելու փորձի ժամանակ:

Միեւնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապել էր ակնհայտ կեղծ տեղեկություն տարածելու, իբր ձերբակալվածը հայկական դիվերսիոն խմբի անդամ է: Ադրբեջանի ՊՆ աշխատակիցների աչքին, թերեւս, երեւացել էր նաեւ այն, որ ենթադրյալ դիվերսանտը զինված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ