News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի ժամանակ ելույթներում նշվել է հանրապետությունում առկա խնդիրների ու բարդությունների մասին, ինչպես նաեւ արտաքին մարտահրավերների մասին, որոնք առկա են պետության առջեւ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ նիստը դրական է այն  տեսակետից, որ խնդիրների լուծումներ էր առաջարկում: «Մենք գնահատում ենք այն, որ նրանց պայքարի տարբեր միջոցներ են նշում, այդ թվում նաեւ հրապարակային պայքարը: Կարծում եմ, դա թույլ կտա խորհրդարանի չորս քաղաքական ուժերին, որոնք իշխող կոալիցիայի կազմում չեն, համատեղ ծրագրեր իրականացնել ու համագործակցության դաշտ կստեղծի նաեւ խորհրդարանի շրջանակներից դուրս»,- նշել է Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին «Բարգավաճ Հայաստանի» յոթերորդ համագումարի ժամանակ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել երկրի գործող իշխանության քննադատությամբ: Մասնավորապես, նա ընդգծել է. «Յուրաքանչյուր քայլ կամ որոշում, որն առաջարկում է Կառավարությունը, սակայն չի ընդունում ժողովուրդը, մենք պետք է այլընտրանքային տարբերակ առաջարկենք: Հասարակության տարբեր հատվածներում բողոքի ցույցերի ու դժգոհության դեպքում մենք պետք է այդ մարդկանց կողքին լինենք, լսենք նրանց խնդիրները ու փորձենք արդար լուծման հասնենք: Այսօր մեր առջեւ մի շարք խնդիրներ կան. կա արտագաղթի խնդիր եւ որ ամենակարեւորն է, մարդկանց շրջանում մարում է հույսը, որ դժվարություններին վերջ կլինի»: «Բարգավաճ Հայաստանը», նրա խոսքով, պետք է բաց լինի մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: «Մենք պետք է լինենք հուսալի, սկզբունքային ու համախմբող քաղաքական ուժ»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ