News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Wdf Docando ֆեդերացիայի նախագահ, Golden Point Prodaction-ի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր եւ դերասան Գոռ Վարդանյանը մտադիր է հնարավորինս շուտ Հայաստան վերադառնալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գոռ Վարդանյանը:

Նա նշեց, որ այժմ մի ֆիլմի ավարտական աշխատանքներն են անում, շատ ծանրաբեռնված գրաֆիկով աշխատում են, բայց դրանք ավարտելուն պես անմիջապես կվերադառնա: Կոնկրետ ժամկետ Գոռ Վարդանյանը չմատնանշեց՝ հույս հայտնելով, որ գարնանը հաստատապես կլինի Հայաստանում:

Նա պարզաբանեց տեղեկությունները, թե ինչու է ԱՄՆ-ից ֆեդերացիայի անդամ «Կյաժը»՝ Կարեն Սարուխանյանը եկել Հայաստան: Գոռ Վարդանյանի փոխանցմամբ՝  Կարենը դեկտեմբերին ԱՄՆ է եկել  անձնական գործերով, երկկողմանի տոմս ուներ եւ այժմ ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան: «Այս ամեն ինչը չեմ հասկանում՝ ում է հարկավոր կամ ինչի համար, ամեն րոպե հոլովվում են իմ անունը սխալ տեղեր; Ես ոչ մի բանի հետ կապ չունեմ, ոչ մի բանի չեմ խառնվում, ոչ մեկին ոչ դեսանտ եմ ուղարկել, նման բաներ չկան, իրականությունից դուրս բաներ են»,- ասաց Գոռ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել է 41-ամյա Արթուր Սաֆարյանին (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ոստիկանության կողմից ձերբակալվել էր Իսրայել Սարգսյանը, ով Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է: Ֆեդերացիայից առգրավվել էր մեծ քանակությամբ զինամթերք, ինչը պատճառաբանել են նկարահանվելիք ֆիլմերում օգտագործելու համար:

Քրեական գործով պարզվել է, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը: Ըստ Ոստիկանության՝ եղել են օպերատիվ տվյալներ, որ սպանությունը, հնարավոր է, կատարած լինեն Իսրայել Սարգսյանը, Մովսես Ներսիսյանը եւ Տիգրան Ասատրյանը:

Ոստիկանները փետրվարի 3-ին բերման են ենթարկել Իսրայել Սարգսյանին եւ Տիգրան Ասատրյանին, Մովսես ներսիսյանին հայտնաբերել չի հաջողվում: Անձնական խուզարկությամբ Իսրայել Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ:

Հետագայում Իսրայել Սարգսյանը, իր կատարած հանցագործությունը թաքցնելու նպատակով Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը:

Խուզարկությամբ, Իսրայել Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել ու առգրավվել է ապօրինի զինամթերք: Տիգրան Ասատրյանի բնակության վայրից էլ հայտնաբերվել եւ առգրավվել են «Նագան» տիպի թմբուկավոր ատրճանակ եւ ռազմամթերք, մեծ քանակի ռազմամթերք է հայտնաբերվել նաեւ Մովսես Ներսիսյանի բնակության վայրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ