News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նամակով դիմել է տարբեր երկրների խորհրդարանական գործընկերներին Աղդամի իրադարձությունների (Խոջալուի սադրանքի)  22-րդ տարելիցի կապակցությամբ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արտակ Զաքարյանը կոչ է արել նրանց չտրվել ադրբեջանական պրոպագանդայի պարզունակ հնարքներին, որոնք կարելի է որակել որպես Ադրբեջանի պետական հովանավորչությամբ կառավարվող եւ դրանից  սնվող   հակահայկական ռասիզմ, քսենոֆոբիա եւ ատելության քարոզչություն:

Իր նամակում Զաքարյանը նշել է, որ թեեւ շուրջ 22 տարի է անցել Աղդամի դաժան իրադարձություններից, պաշտոնական Բաքուն միջազգային բոլոր հարթակներում զբաղված է միայն պատմական փաստերի խեղաթյուրմամբ ու հակահայկական հիստերիայի հրահրմամբ` նպատակ ունենալով սեփական մեղքը բարդել ղարաբաղյան կողմի վրա:

Անդրադառնալով խոջալվեցիների սպանության  ադրբեջանական ներքաղաքական գործոններին, Արտակ Զաքարյանը ներկայացրել է բազմիցս նշված իրողությունը, ըստ որի, Ադրբեջանի ազգային ճակատի ընդդիմադիր ուժերը, 1992 թվականին  սեփական ժողովրդի կոտորածը կազմակերպելով, նպատակ էին հետապնդում տապալել նախագահ Այազ Մութալիբովի իշխանությունը, ինչի մասին անձամբ վկայել է հենց ինքը` Մութալիբովը, 1992 թվականին ռուսական «Նեզավիսեմայա գազետա» օրաթերթում:

Կոչ անելով ավելի համապարփակ կերպով ծանոթանալ ինչպես վերոնշյալ, այնպես էլ առկա բազմաթիվ այլ փաստավավերագրական նյութերին, ժամանակին այդ սարսափելի իրադարձություններին ականատես եղած լրագրողների ու հետազոտողների վկայություններին` Զաքարյանը հույս է հայտնել ստանալ տարբեր երկրների խորհրդարանական գործընկերների աջակցությունը`պատմական իրողությունների սրբապիղծ խեղաթյուրման եւ Ադրբեջանի հակահայկական կեղծ հնարքներին դեմ պայքարի գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ