News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիտվայի Կինեմատոգրաֆիստների միության եւ Հայաստանի դեսպանության կազմակերպմամբ, փետրվարի 26-ին, Վիլնյուսում ներկայացվել է ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկանց պատմությունը պատերազմի եւ խաղաղության ժամանակ» վավերագրական ֆիլմը:

Միջոցառմանը, որին ներկա էին Լիտվայի Սեյմասի, տարբեր գերատեսչությունների, հայտնի լրագրողներ, հասարակական գործիչներ, պատմաբաններ, զինվորականներ եւ հայ համայնքի անդամներ, բացման խոսքով ելույթ ունեցավ Լիտվայի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, հայտնի ռեժիսոր Գիտիս Լուկշասը, ով նշեց, որ ֆիլմը հոգեհարազատ է լիտվացիներին, անկեղծ է ու անհրաժեշտ եւ որեւէ կերպ չի կարող որակվել որպես միակողմանի պաշտոնական քարոզչություն:

Իր խոսքում Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը, մասնավորապես, ասաց. «Յուրաքանչյուր հասարակության, ժողովրդի եւ պետության առջեւ պարբերաբար ծառանում է պատերազմի եւ խաղաղության միջեւ ցավագին ընտրության հարցը: Մեր սերունդը ստիպված եղավ անցնել պատերազմով` փխրուն խաղաղություն ձեռքբերելու համար»:

Հայաստանի դեսպանը նշեց, որ ֆիլմի ցուցադրման օրը համընկնում է Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցի հետ, որով Ադրբեջանը փաստորեն նախընտրեց խնդիրները լուծել հայատյացության եւ պատերազմի լեզվով: Դեսպան Այվազյանն ընդգծեց, որ ԽՍՀՄ-ում այն ժամանակ տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների պայմաններում Բալթյան ժողովուրդները հստակորեն սատարել էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Հիշեցնելով, որ մեկ տարի առաջ նույն օրը Լիտվայի Սեյմասում ստեղծվեց Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբ եւ կարեւորելով Սեյմասի անդամների սկզբունքայնությունը եւ հավատարմությունը այն արժեքներին, որոնք միասնական էին դարձրել լիտվացի եւ հայ ժողովուրդներին մեր պետականության վերականգման ճանապարհին՝ Հայաստանի դեսպանը խմբի նախագահ Դալիա Կուոդիտեին հանձնեց այդ կապակցությամբ ԼՂՀ ԱԺ Նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհավորական ուղերձը: Ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ ունեցավ Վիլնյուս ժամանած ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանը, որը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Տպել
Ամենաշատ