News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակում ժ. 15:00-ին մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախաձեռնած համատեղ հանրահավաքը՝ նվիրված 2008 թվականի մարտի 1-ի 10 քաղաքացիների մահվան 6-րդ տարելիցին: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ Ազատության հրապարակ մտան ԱԻՄ-ականները՝ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ: Հայրիկյանը նշեց, որ իրենք միանում են ոչ թե ՀԱԿ-ի հանրահավաքին, այլ ժողովրդին: Հանրահավաքին միացան նաեւ Սարյանի պուրակում հավաքված ազատամարտիկները, որոնք առանձին ակցիա էին իրականացնում այնտեղ:

Հրապարակում հավաքված մարդկանց ձեռքին կան պաստառներ. «Ընտրություններ հիմա», «Կոռումպացված իշխանություններին ուղարկենք աղբարկղ», «Արյունով կարմիր գարուն»: Մարդիկ նաեւ սեւ պաստառ են բռնել, որի վրա կան կարմիր կաթիլներ: Ցուցարար կանանցից մեկն ասաց, որ այդ պաստառի վրա ոչ միայն մարտի 1-ի զոհերի արյան կաթիլներն են, այլեւ ժողովրդի արյան կաթիլները, քանի որ իշխանությունները մեզ արյունաքամ են անում: Նշենք, որ այսօրվա հանրահավաքում ելույթ կունենա ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ուղիղ 6 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին, Երեւանում ողբերգական դեպքեր տեղի ունեցան, խլելով 10 մարդու կյանք:

2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որոնք տեւեցին 10 օր: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բռնությամբ ցրել է Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների մասնակցող ցուցարարներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ Մյասնիկյանի արձանի մոտ:

Մարտի 1-ի երեկոյան իշխանությունները զենք կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում 2 զինծառայողներ: Զոհերն էին Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գեւորգյանը եւ  Համլետ Թադեւոսյանը: Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ: Իշխանությունները տեղի ունեցածը համարեցին զանգվածային անկարգություններ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ