News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական գերությունից օրեր առաջ ազատված Մամիկոն Խոջոյանը կայուն ծանր վիճակում է։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, լրագրողներին ասաց «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության գծով տնօրենի տեղակալ Գագիկ Մանուկյանը։ Նշենք, 77-ամյա Խոջոյանը այսօր՝ մարտի 6-ին, Երևանից գործուղված վնասվածքաբանի ուղեկցությամբ Իջևանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ կստանա հետագա բուժումը։ Վիրահատության հարցը կորոշվի հետազոտությունների արդյունքները ստանալուց հետո։

Մամիկոն Խոջոյանի դստեր՝ Հեղինե Վարդազարյանի խոսքով՝ հայրը դեռ չի գիտակցում, որ Հայաստանում է. «Ինքը գիտի՝ դեռ այնտեղ է, խալաթով մարդ է տեսնում, վախենում է»։

Նա պատմեց, որ հայրն անընդհատ «գոմ» բառն է ասում, ինչից ինքը եզրակացնում է, որ հորը գոմում են պահել եւ ծեծել. «Շատ վախեցած է, ոտքին կպնում եմ, ասում է՝ կապած է, ասում եմ՝ ես եմ, հայրիկ, կապած չի»։

Մամիկոն Խոջոյանի կրտսեր որդին՝ Համլետ Խոջոյանը, որը երեկ է վերադարձել ՌԴ-ից, հոր հիվանդասենյակից դուրս եկավ հուզված։ NEWS.am-ի հետ զրույցում նա խոստովանեց՝ չէր պատկերացնում, որ հոր վիճակն այդքան ծանր է։

«7 երեխա է մեծացրել, հասցրել իրանց նպատակին, ինչի՞ պիտի այս օրով նման բան լիներ»,- ասաց Համլետ Խոջոյանը։

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ` փոխնախարար Վահան Պողոսյանն այսօր այցելել է Մամիկոն Խոջոյանին:

«Հիվանդի առողջական վիճակի ամբողջական գնահատման համար անհրաժեշտ են մի շարք հետազոտություններ, այդ թվում` գլխի համակարգչային շերտագրում»,- Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ասել է Վահան Պողոսյանը` ընդգծելով, որ Մամիկոն Խոջոյանը գտնվում է առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո։

Հիշեցնենք, որ նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր: Բոլոր վնասվածքները վկայում են, որ նրան գերության մեջ խոշտանգել են։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Վերին  Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Մարտի 4-ին Ադրբեջանը նրան վերադարձրել է Հայաստանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ