News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը


«Արաբկիր» բժշկական կենտրոնի երիտասարդ բժշկուհիների մեղքով է մահացել 2-ամյա Լիա Միսակյանը։ Բժշկական կենտրոնի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստից հետո այսօր՝ մարտի 6-ին այս մասին NEWS.am-ին ասաց անցած տարվա հունվարի 2-ին «Արաբկիր» կենտրոնում մահացած Լիայի հայրը՝ Գեորգի Միսակյանը։

Նա համոզված է, որ եթե դուստրն ավելի փորձառու բժիշկների հսկողության տակ լիներ՝ չէր մահանա:

«Երեխուն դեկտեմբերի 31-ին վատ վիճակում բերել ենք հիվանդանոց, թղթերի մեջ գրել են՝ ամեն ինչ լավ է: Նայել են կոկորդը, ասել են` ամեն ինչ նորմալ է: Դրանից հետո երեխեն գնալով վատանում է: Սկսում է մի կերպ շնչել, բժիշկներին ասում եմ` ոչ մի բան չեն անում: Երկրորդ օրը ես ասեցի՝ եթե էսպես ա լինելու, ոչ մի բան էլ չեք անելու, տանում եմ տուն: Հինգ ներարկում էին արել`ջերմությունն իջեցնելու համար: Էրեխեն հազիվ էր շնչում, հաց չէր ուտում: Ամսի 1-ի գիշերը 6 գդալ բրինձ է կերել: Երկրորդ օրը՝ 3 գդալ բրինձ։ Դա իրենց չի հետաքրքրում, փորձում են ամեն ինչ ծածկել՝ «ինչ-որ չենք հիշում-ով»»,- ասաց Գեորգի Միսակյանը։

Ըստ մեղադրանքի՝ մանկաբույժներն իրենց մասնագիտական պարտականությունները պատշաճ չեն կատարել, ինչի հետևանքով էլ մահացել է 2-ամյա Լիան:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր գործով դատական առաջին նիստին ամբաստանյալներն ասացին, որ չեն ընդունում իրենց դեմ առաջադրված մեղադրանքը: Նիստին ներկա էր նաև «Արաբկիր» բժշկական համալիրի բժշկական կոլեկտիվը: Նրանք լրագրողներին ասացին, որ եկել են աջակցելու աղջիկներին, որոնք, իրենց խոսքով, իրենց համալիրի լավագույն բժշկուհիներից են:

Այսօրվա դատական նիստին տուժողի իրավահաջորդը` Գեորգի Միսակյանը,  դատարանին միջնորդություն ներկայացրեց, որ իր ներկայացուցիչը դատարանում լինի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ինչը դատավորը բավարարեց: Տուժողի իրավաջորդը ժամանակ խնդրեց մեղադրական եզրակացությանը ծանոթանալու համար, որպեսզի կարողանա ցուցմունք տալ: Դատը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 7-ին:

Հիշեցնենք, որ 2 տարեկան Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է եւ աղջնակը մահացել է:

«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ 28-ամյա Լիլիթին եւ Զարինեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տպել
Ամենաշատ