News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Դատախազի հետ հանդիպումն անարդյունավետ է, ընդամենը հավաքույթ, որպեսզի եւս մեկ անգամ մեր աչքերին թոզ փչեն եւ ասեն, թե մենք աշխատանք ենք կատարում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը՝ խոելով մարտի 6-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ զոհված զինծառայողների ծնողների հանդիպման արդյունքների մասին:

«Իրանք ոչ մի աշխատանք էլ չեն կատարում, որովհետեւ այս հանրապետությունը ունի մի  դատախազ, մի  դատավոր, մի դատաբժիշկ, մի  քննիչ, եւ այդ բոլորը կատարում է մի մարդ՝  Սերժ Սարգսյանը: Նա ասում է՝ այսպես պետք է լինի, ուրեմն այսպես է լինում: Նախագահը տալիս ա հանձնարարությունը, նրանք պետք է կատարեն, չեն կատարի՝ նրանց կփոխարինեն, ուրիշին կբերեն»,- ասաց Սուրեն Օհանջանյանը:

Զինվորական ծառայության ընթացքում մահացած 4 զինծառայողների՝ Ա. Ղազարյանի, Ա. Ավետիսյանի, Տ. Օհանջանյանի և Վ. Մուրադյանի ծնողների հետ հանդիպումը տեւեց մոտ 5 ժամ: Գեւորգ Կոստանյանը ծնողներին ընդունել է առանձին-առանձին, ծանոթացել քրեական գործերի ընթացքին:

Մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի հոր՝ Սուրեն Օհանջանյանի խոսքով, իրենք դատախազին ներկայացրել են Տիգրանի մահից հետո հարուցված քրեական գործը, սակայն դատախազը չի կարողացել տալ իրենց հուզով հարցերի պատասխանը:

«Որդիս մահացել է 2007թ., 7 տարի է՝ գործը քննվում է: Սկզբում նախնական վարկածով իբրեւ թե որդիս մահացել էր էլեկտրահարման պատճառով, բայց դա դատարանում հերքվեց ու արդեն 4 տարի է՝ նորից քննություն է կատարվում: Ես պարոն Կոստանյանին խնդրեցի ինձ մի բան ասել՝  իմ երեխայի շորերը դեպքից անմիջապես հետո առգրավվել են պատառոտված վիճակում: Դեպքից մեկ շաբաթ հետո քննիչը ինձ շոր ցույց տվեց, որը պատառոտված չի եղել: Այդ չպատառոտված շորերը քննիչը 56 օր հետո ուղարկել է դատաբժշկական կենտրոն փորձաքննության: Հետագայում, երբ քրեական գործն ուղարկվեց դատարան ես դատարանից իմացա, որ շորերը պատառոտված են առգրավվել, իրանք մոռացել էին այդ փաստաթուղթը քրեական գործի մեջ: Ես բողոքեցի, նշանակվեց նոր փորձաքննություն: Այնտեղ շորերն արդեն պատառոտված էին: Ես այսօր Պարոն Կոստանյանին խնդրեցի, որ պատասխանի, թե որ դատախազն է թույլ տվել այդ հանցագործությունը. առաջին փորձագետի մոտ շորերը պատառոտված չի եղել, ով է էդ կնիքը բացել ու շորը փոխել: Պարոն Կոստանյանը չի կարողանում ինձ դրա պատասխանը տալ »,- պատմեց Սուրեն Օհանջանյանը:

Մահացած զինծառայողի հայրը պատմեց, որ իրենք նաեւ դժգոհել են իրենց գործը քննող քննիչներից. «Ես չորս տարվա մեջ ինֆարկտ եմ ստացել, դա իրանց շնորքն է: Մեր գործում 5 քննիչ է փոխվել: Առաջին քննիչը՝ Լեւոն Պետրոսյանը, իր լավ աշխատանքի համար դատախազ է դարձել: Այն քննիչները, որ կարողանում են շատ գործեր կոծկել, նրանց պաշտոնը բարձրացնում են»։

Սուրեն Օհանջանյանն ասաց, որ ինչ էլ լինի, իրենք շարունակելու են պայքարել, որպեսզի պարզեն, թե ով է մեղավոր իրենց որդիների մահվան համար:

«Էս 7 տարվա ընթացքում ինձ երկու անգամ ահաբեկել են, երկրորդ անգամ նույնիսկ մի քանի հատ խփել են, ասել, որպեսզի չբողոքեմ, ընտանիքիս մասին մտածեմ: Բայց մենք կորցնելու ոչինչ չունենք, մենք կգտնենք մեղավորներին. եթե իրենք չգտնեն, մենք պետք է գտնենք ու մեր ձեռքով պատժենք»,- հուզված ասաց Տիգրան Օհանջանյանի հայրը, որի սիրտը հանդիպումից հետո վատացել էր։

Դատախազի հետ հանդիպումից գոհ չէին նաեւ մահացած մյուս զինծառայողների ծնողները:

«Ես մի բան իրեն ասեցի՝ Պարոն Կոստանյան, դուք չիմանաք, որ այս աթոռը հավերժական է լինելու: Ես էլ չգիտեի՝ իմ գլխին ինչ կլինի: Էս ուխտը ամենքի  դուռը չոքելու է»,- հանդիպումից հետո վրդովված ասաց զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը,  ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը,  ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ բաժնում քննվող գործերով բաժնի պետ Կարեն Հարությունյանը:

Տպել
Ամենաշատ