News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ՝ մարտի 11-ին, տեղի է ունեցել ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի եւ Արայիկ Զալյանի ներկայացրած դիմումի քննությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Նշված դիմումով Հ. Պետրոսյանի ներկայացուցիչները պահանջել են թիվ 62202513 քրեական գործով Հ. Պետրոսյանին ճանաչել դատավարության կողմ եւ նախաքննության մարմնին պարտավորեցնել վերջինիս՝ տրամադրելու կարճված գործի նյութերի պատճենները:

Բողոքի քննությանը ներկայացել էր միայն դիմումատու կողմը՝ Հ.Պետրոսյանի ներկայացուցիչ Ա. Զալյանը: Նախագահող դատավոր Կարախանյանը հայտնեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը եւ ՀՀ գլխավոր դատախազությունը պատշաճ կարգով ծանուցվել են բողոքի քննության օրվա եւ ժամի մասին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դատարան ներկայացրել է պատասխան եւ խնդրել գործը քննել իրենց բացակայությամբ՝ զբաղվածության պատճառաբանությամբ, սակայն չի տրամադրել գործի վերաբերյալ նյութերը եւ դրանց մասին որեւէ տվյալ չի նշել իր կողմից ներկայացված պատասխանում: ՀՀ գլխավոր դատախազության կողմից չի ստացվել որեւէ գրություն, ինչպես նաեւ չեն տրամադրվել գործի նյութերը: Ներկայացուցիչ Ա.Զալյանը դատարանին հայտնեց, որ գործի վերաբերյալ այլ նյութեր, քան ներկայացվել են դատարանին, իր տրամադրության տակ առկա չեն,  հայտնելով, որ դատարանին պետք է տրամադրվեն թիվ 62202513 քրեական գործի նյութերը, քանի որ միայն դրանց ուսումնասիրության արդյունքում հնարավոր կլինի պարզել Հայկ Մովսիսյանին տուժող, իսկ Հ. Պետրոսյանին նրա իրավահաջրդ չճանաչելու գործողությունների օրինականությունը:

Դատարանը չի բավարարել ներկայացուցչի միջնորդությունը՝ վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի պահանջը, ըստ որի վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատարան ներկայացնել բողոքի վերաբերյալ նյութեր, որից բխում է  միայն բողոքի վերաբերյալ կազմված նյութերը պահանջելու եւ ստանալու դատարանի իրավունքը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարույթն իրականացրած մարմինները դատարանին չեն տրամադրել իրենց մոտ առկա նյութերը՝ դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ գրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը եւ ՀՀ գլխավոր դատախազությանը դիմելու եւ նյութերը ստանալու նպատակով:

Հիշեցնենք, որ ՀՀ զինած ուժերի N զորամասի պարտադիր զինծառայող, կոչումով շարքային Հայկ Մովսիսյանը 2012 թ. նոյեմբերի 20-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք  կատարելու համար եւ դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով, որից մեկ շաբաթ անց ԼՂՀ քննչական մեկուսարանում Հայկ Մովսիսյանին գտել էին մահացած: Հայկ Մովսիսյանի մահվան դեպքով, ինքնասպանության հասցնելու հատկանիշներով ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որը մասով կարճվել է, քրեակատարողական վարչության աշխատակիցների եւ քննչական մեկուսարանի կալանավորների, ամբաստանյալների, դատապարտյալների արարքներում հանցակազմի բացակայության հիքով, իսկ Հայկ Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործով պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ պաշտոնական անփութության հատկանիշներով, որտեղ հարուցվել է թիվ 62202513 քրեական գործը: 2013 թ. ապրիլի 16-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը եւ արդարացրել արդեն մահացած Հայկ Մովսիսյանին:

Հ. Պետրոսյանը՝Հայկ Մովսիսյանի մայրը, թե՛ անձամբ, թե՛ ներկայացուցիչների միջոցով բազմիցս դիմել է իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու պահանջով, սակայն այդ պահանջները մերժվել են: 2013 թ. դեկտեմբերի 18-ին Հ. Պետրոսյանի ներկայացուցիչներ Ա.Սաքունցը եւ Ա. Զալյանը միջնորդություններ են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ.Բաբայանին եւ ՀՀ գլխավոր դատախազություն՝ Հայկ Մովսիսյանին տուժող, իսկ Հ. Պետրոսյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու պահանջներով, որին ի պատասխան հայտնվել է, որ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: Հետագայում մերժվել են նաեւ կարճված քրեական գործի նյութերը եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը տրամադրելու պահանջները:

Տպել
Ամենաշատ