News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն իրանական Սպահան քաղաքի Նոր Ջուղա շրջանում այցելել է հայկական Սուրբ Փրկիչ տաճարը: Այդ մասին գրում է «Asbarez» թերթը:

Էշթոնն իրանական պաշտոնական անձանց ու հայ համայնքի առաջնորդների ուղեկցությամբ այցելել է 350-ամյա Սուրբ Ամենափրկիչ վանք, որտեղ «Կոմիտաս» եկեղեցական երգչախումբը հատվածներ է կատարել Աստվածային պատարագից: Հայ առաքելական եկեղեցու Սպահանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Բաբկեն Չարյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը հայոց ցեղասպանության ճանաչման համար, միեւնույն ժամանակ ՄԻԵԴ-ի հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ որոշումը ցավալի են անվանել:

Առաջնորդն Էշթոնին է ներկայացրել Իրանի հայ համայնքը: Նա Իրանն անվանել է գոյակցության եւ հանդուրժողականության երկիր, որտեղ հայերն իրենց մահմեդական եղբայրների եւ քույրերի հետ միասին ապրում են ավելի քան 400 տարի սիրո ու հարգանքի պայմաններում: Նա բարձր է գնահատել իրանական իշխանությունների աջակցությունը հայկական եկեղեցիների եւ մշակութային արժեքների պահպանության գործում, հիշեցրել է նաեւ, որ մի քանի տարի առաջ հարեւան Ադրբեջանը կործանել էր Հին Ջուղայում գտնվող հայկական հնագույն խաչքարերը՝ իրականացնելով մշակութային ցեղասպանություն: Թեմական առաջնորդը հույս է հայտնել, որ Եվրախորհրդարանը կդատապարտի վանդալիզմը՝ ապագայում նման գործողությունները կանխելու համար: Քեթրին Էշթոնը վստահեցրել է, որ նա կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները:

Ավելի ուշ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են վանքին կից գտնվող թանգարան, որտեղ ԵՄ գերագույն ներկայացուցչին ներկայացվել են հնագույն եկեղեցական ցուցանմուշներ, այդ թվում նաեւ նկարազարդված ձեռագիր մատյաններ, նկարներ եւ Իրանում ու ողջ Մերձավոր Արեւելքում առաջին տպագիր սարքը: Էշթոնը թանգարանում ծանոթացել է նաեւ Հայոց ցեղասպանության պատմությանը, Իրանի եւ ողջ աշխարհի հայերի համար ունեցած հետեւանքներին: Նա իր գրառումն է թողել թանգարանի հուշամատյանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ