News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վարդան Պետրոսյանը եւ վթարի հետեւանքով երկու երիտասարդ կորցրած ընտանիքները դեռ չեն հաշտվել, քանի որ պաշտպանական կողմը կարծում է, որ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանն է խոչընդոտում հաշտեցմանը, տուժող կողմի կարծիքով՝ մեղադրյալի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Վարդան Պետրոսյանի վթարի գործով առաջին դատից հետո լրագրողներին ասաց տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը։

 «Ես ինքս եմ կազմակերպել կողմերի հանդիպումը, երբ ամբաստանյալի քույրը բաց նամակով դիմեց ինձ: Բայց երբ անհարկի հոդվածներ են հրապարակվում, դրանք նորից տուժողների զայրույթն են առաջացնում»,-ասաց Բալոյանը՝ նկատի ունենալով Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հարցազրույցները։

Ըստ փաստաբանի՝ պաշտպանական կողմը հաշվի չի առնում տուժողների հոգեկան վիճակը. «Ինձ շատ անհնագստացնում է Տաթեւիկ Հակոբյանի վիճակը, էս երեխեն էսօր վերականգնողական կուրսերի, վիրահատության կարիք ունի, ոչ թե գա, անհարգելի պատճառով դատական նիստը հետաձգվի, թողնի գնա»: Նշենք, որ Տաթեւիկ Հակոբյանի վթարի հետեւանքով զոհված 19-ամյա Էդուարդ Հակոբյանի քույրն է, որը մինչեւ հիմա վերականգնվում է վթարի հետեւանքներից եւ դժվարությամբ է քայլում։

Փաստաբան Ռուբեն Բալոյանի կարծիքով՝ Վարդան Պետրոսյանի պաշտպաները դատը միտումնավոր են հետաձգվում:

«Նախաքննության ընթացքում 5 պաշտպան է ներգրավվել, բայց այսօր միայն շեշտվեց Նիկոլայ Բաղդասարյանի անունը: Եթե 5 պաշտպանն էլ միեւնույն ժամանակ չեն ներկայանում, սա նշանակում է, որ միտումնավոր ձեւով դատաքննությունը հետաձգում են»,-լրագրողներին ասաց Ռուբեն Բալոյանը,

Նրա խոսքով՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարում է, որ ունի փաստեր եւ միջնորդություններ պետք է ներկայացնի, բայց դրանք չի ներկայացնում. «Ես ուղղակի չեմ հասկանում, եթե փաստեր ունի, թող բերի, ներկայացնի: Ցանկացած փաստի մենք պատրաստ ենք տալու համարժեք պատասխան՝ անկախ փաստաբանների քանակից, կլինի դա հայ, թե ֆրանսիացի»:

Ռուբեն Բալոյանի կարծիքով՝ պաշտպանական կողմի ցավակցական խոսքը պիտի լինի իրական, իսկ գործողությունները պետք է լինեն նպատակաուղղված։

«Առ այսօր պաշտպանական կողմի, չեմ ուզում անուններ հրապարակել, դիրքորոշման մեջ անկեղծություն չեմ տեսնում։ Խնդիրը պիտի փորձեն անկեղծորեն լուծել, այլ ոչ թե ցույց տան, որ ուզում են լուծել. դա ու՞մ համար է արվում, հանրությա՞ն, դա մենք հասկանում ենք»,-ասաց Ռուբեն Բալոյանը:

Հիշեցնենք, որ դատական առաջին նիստը այսօր հետաձգվել է. դերասանի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել՝ պատճառաբանելով, որ այդ ժամին այլ դատարանում նիստի է։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի հետեւանքով ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից եւ ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած «Վազ 21214» մակնիշի մեքենային։ Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Տպել
Ամենաշատ