News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրոպա Նոստրա մշակութային ժառանգության եվրոպական առաջատար կազմակերպությունը եւ Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտը հայտարարել են 2014 թ. «7 առավել վտանգված» ծրագրում ընդգրկված 11 հուշարձանների եւ տեսարժան վայրերի նախնական ցանկը (ընտրված հուշարձանների բարձր որակի նկարները կարող եք դիտել հղումով): Միջազգային հանձնաժողովի փորձագետների կողմից ընտրված վտանգված հուշարձանների անհետացման ցանկում է նաեւ ՀՀ Լոռիի մարզի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը:

Եվրոպա Նոստրայի «7 առավել վտանգված» ծրագիրը մեկնարկել է 2012 թ. հունվարին, որի հիմնական նպատակներից էր միեւնույն գաղափարի շուրջ միավորել մասնավոր եւ պետական մի շարք կազմակերպությունների` բացահայտելու ժառանգության պահպանության համար ֆինանսական նոր աղբյուրներ:

2013 թ. Հայաստանը «7 առավել վտանգված» ծրագրին ներկայացրեց Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու հայտը, որն էլ մասնակից 21 երկրներից ու ներկայացված 40 հայտերից ընգրկվել էր ծրագրի նախնական ցանկում (14 կոթող): Այնուամենայնիվ, յոթնյակում տեղ գտավ Մարդինի (Արեւմտյան Հայաստան, Դիարբեքիրի վիլայեթ, այժմ` Մարդինի վիլայեթի վարչական կենտրոնը) Սբ Գեւորգ հայկական եկեղեցին` ներկայացված Թուրքիայի կողմից:

Վերջնական յոթնյակի ընտրությունից հետո Եվրոպա Նոստրայի» ժառանգության փորձագետներից, կազմակերպության անդամներից, ինչպես նաեւ ֆինանսական ու տեխնիկական մասնագետներից բաղկացած թիմն այցեր է կատարում բոլոր 7 ընտրված վայրերով, որտեղ տեղի մասնագետների հետ միասին անցկացվում են ուսումնասիրություններ եւ մշակվում են կոթողները փրկելու նախագծեր:

Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանք, Դսեղ, Հայաստան

Այս վանական համալիրը՝ նվիրված հայ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորին, թվագրվում է 10-13-րդ դդ: Ներկայումս կիսավեր վիճակում գտնվող վանական համալիրը կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռները եւ Մամիկոնյանների իշխանական տոհմի գերեզմանոցը։ Վանքի բոլոր շինությունները կառուցված են տուֆից, ֆելզիտից եւ բազալտից: Սպիտակ երանգի համար անվանվել է նաեւ Ճերմակ վանք։ Միջնադարում Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը Հայաստանի հոգեւոր եւ կրթական օջախներից մեկն էր: Այստեղ կրթություն էին ստանում Մամիկոնյանների իշխանական տոհմի ներկայացուցիները, իսկ հոգեւորականները զբաղվում էին գիտական աշխատանքով:

Հուշարձանի վերականգնումը կնպաստի Դսեղը որպես զբոսաշրջության կենտրոն հաստատելուն եւ տեղական տնտեսությունը զարգացնելուն: Գործընթացն առավել արդյունավետ կանցկացվի միջազգային փորձաքննության եւ աջակցության շնորհիվ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ