News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանից ոչ հեռու՝ Կոտայքի մարզում, գտնվում է «Արզնի» օդանավակայանը։ Դրա գոյության տասնյակ տարիներին շրջակայքի բնակիչները սովորել են օդանավերի եւ ուղղաթիռների շարժիչների ձայնին, ուսումնական թռիչքներին եւ պարաշյուտացատկերին։ Այստեղ է գտնվում Հայաստանի ռազմաօդային ուժերի ուսումնական-ավիացիոն էսկադրիլը։ (ֆոտոռեպորտաժ)

Էսկադրիլի գործունեության, ուսումնական գործընթացի եւ օդաչու-հրահանգիչի մասնագիտական որոշ նրբությունների  մասին NEWS.am-ի ընթերցողներին պատմում է ավելի քան 25 տարվա աշխատանքային փորձ ունեցող օդաչու Արթուր Հակոբյանը։

Էսկադրիլը ստեղծվել է Երեւանի աերոակումբի հիման վրա։ Արթուր Հակոբյանն արդեն երկու տասնամյակից ավելի է այնտեղ է ծառայում՝ շարքային օդաչու-հրահանգիչից դառնալով զորամասի հրամանատար։ 

Արզնիում մարզվում են մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտի կուրսանտները։ Ուսունական գործընթացը կազմակերպվում է մարզաուսումնական Յակ-52 եւ Մի-2 օդանավերով։ Պարապմունքներն անցկացվում են մարտից մինչեւ օգոստոս։ Կուրսանտները սկզբում ռազմական պատրաստվածություն են անցնում, հետո սկսվում է պրակտիկան։ Նրանք խմբերի են բաժանվում եւ օդաչու-հրահանգիչները  նրանց հետ սկսում են աշխատել ցամաքում եւ օդում։

«Հրահանգիչը բոլոր ուժերն ու կարողությունները ներդնում է կուրսանտների ուսուցման գործում՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։ Նրանք Հայաստանի ռազմաօդային ուժերի ապագա օդաչուներն են։ Այսօրվա դրությամբ, էսկադրիլի 20 տարվա աշխատանքի ընթացքում, թռիչքային կազմի մոտ 80% -ը մեր շրջանավարտներն են։ Առանց ավելորդ համեստության կարելի է պնդել, որ պատրաստվածության մակարդակով նրանք աս են։ Ընդհանրապես, սկսած ԽՍՀՄ տարիներից, հայ օդաչուները միշտ գնահատված են եղել՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ավիացիայի բնագավառում»։

Ավիացիայի ինստիտուտի կուրսանտները պրակտիկայի գալիս են երկրորդ կուրսից։ Ուղղաթիռների օդաչուները մինչեւ ուսումնառության ավարտը պրակտիկան մեզ մոտ են անցնում։ Ինքնաթիռների օդաչուների ուսուցումը մի փոքր տարբերվում է. ուսումնառության վերջին երկու տարիները թռիչքային այլ զորամասում են անցկացնում»։

Ինստիտուտի թռիչքային բաժանմունքում ամեն տարի մեծ մրցակցություն է գրանցվում։ Բայց ամենքին տրված չէ օդաչու դառնալ։

«Պատահում է, որ Աստծո կողմից տրված չէ։ Նման տղաները ցրվում են։ Կարելի է ասել՝ բնական ընտրություն է կատարվում։ Ամեն մարդ ինչ-որ մասնագիտության տաղանդ ունի։  Մեր մասնագիտության դեպքում մարդու մեջ պետք է կայծ լինի, որը պետք է բորբոքել։ Որպեսզի սիրի երկինքը, սիրի թռիչքը, որպեսզի ոչ միայն հաճույք ստանա, այլեւ ՕԳԳ-ն բարձր լինի»։

Ցրվելու պատճառները շատ են։ Կան այնպիսիք, որոնք գերագնահատում են իրենց հնարավորությունները։ «Երբեմն տղաները չափազանց ինքնավստահ են, դա ճիշտ չէ։ Օդաչուի մասնագիտությունը շատ նուրբ, զգայուն է։ Մենք պարտադիր հաշվի ենք առնում բարոյական, մարդկային հատկանիշները։ Դժվար է որոշելը, բայց առաջին տարին չէ, որ աշխատում ենք։ Ավիացիայում պետք է մնա միայն էլիտան, առանց չակերտների»։

 

Ավիացիայում կանանց առկայությունը նուրբ հարց է, առայժմ թռիչքային կազմում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ չունենք, բայց հեռանկարում ամեն ինչ է հնարավոր»։

«Չէի ասի, թե բացասաբար եմ վերաբերվում կին օդաչու հասկացությանը... Բայց չէի էլ ասի, թե  դրական։

Երկակի զգացողություններ են։ Երբ ուսումնարանում էի, ինձ հետ սովորող աղջիկներ էլ կային։ Նրանք առանձին՝ վեց հոգանոց խմբով էին։ Նրանք եւս դարձան օդաչու-հրահանգիչներ, ընդ որում՝ բավական լավ մասնագետներ։ Ռուսաստանում հիմա էլ բարձր դասի մարզուհիներ կան»։

Հայկական ավիացիայի պատմությունում էլ շատ կին օդաչուներ են եղել։ «Խորհրդային Հայաստանում աերոակումբներում շատ աղջիկներ կային, հիմա են տարանջատում՝ կարելի է, չի կարելի»։

 

Ի՞նչ է զգում հրահանգիչը, երբ առաջին անգամ սկսնակի հետ օդանավ է նստում։ «Անհանգստություն չկա։ Ինձ համար օդանավի խցիկը աշխատասենյակ է։ Ինձ սովորեցրել են սովորեցնել՝ կարեւոր չէ՝ սկսնա՞կ է նա, թե՞  օդաչու-հրահանգիչ։ Նախկինում կար նման մոտեցում՝ չհաղորդել բոլոր նրբությունները։ Այժմ դա չկա։ Ինչ որ գիտեմ, փոխանցում եմ հրահանգիչներին, որովհետեւ փոխարինողներ է պետք պատրաստել»։ Արժանի սերնդափոխություն կլինի՞։ «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այսօր կուրսանտները բավական բարձր մակարդակ են ցուցաբերում։ Երկու խոսքով կարելի է ասել՝ սարսափիր, թշնամի։ Բայց մենք հետագս կատարելագործման ենք ձգտում։

Հայաստանի համար ավիացիան, այն էլ՝ ռազմականը, պետք է ամեն ինչ լինի: Ավիացիան պետք է անընդհատ աճի, ինչին էլ ձգտում է»:

Հրամանատարը կողմ է երկրում աերոակումբների վերածնման գաղափարին: «Նախկինում աերոակումբները վաղ տարիքից կուրսանտներ էին պատրաստում: Ես իմ առաջին ինքնուրույն թռիչքը կատարել եմ 16 տարեկանում: Մեր երկիրը փոքր է, սակայն մենք կարող ենք դա հաղթահարել: Իմ ասած բնական ընտրությունը կարող է տեղի ունենալ ակումբային փուլում: Զուգահեռ կաճի կուրսանտների հետ  հրահանգիչների աշխատանքի արդյունավետությունը, ավելի հեշտ է, երբ կուրսանտը հիմք է ունենում, այլ ոչ թե սկսում է զրոյից»:

Հարկավո՞ր է արդյոք ռազմական ավիացիային հրապարակային ուշադրություն, ավիացիոն շոուների կազմակերպում:

«Երկրի համար ավիացիան թանկ հաճույք է: Այնուամենայնիվ, հրապարակային ուշադրությունը, ցուցադրական ելույթները, շոուները հարկավոր են: Ժողովուրդը պետք է իր աչքով տեսնի արդյունքները»:

Մարիամ Լեւինա

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ