News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նոր Արեշի վարձակալած տանը նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ողբերգության հետեւանքով մահացած, ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի ընկերոջ՝ Պանկաջ Սանգին, որը Դենիշի միակ ծանոթն էր Հայաստանում, ընդամենը երկու օր առաջ են կանչել հարցաքննության: Այս մասին NEWS.am-ին ասաց Պանկաջ Սանգը:

«Մարտի 13-ին ինձ Էրեբունիի ոստիկանությունից կանչել են հարցաքննության, որը տեւել է ավելի քան 4 ժամ, իսկ իրականում ինձ պետք է կանչեին հենց դեպքի հաջորդ օրը, որովհետեւ Դենիշի հեռախոսում իմ համարը կար, բացի դրանից ինքը էստեղ մենակ ինձ է զանգել ու մեկ էլ Աստղիկին»,- ասաց նա:

Պանկաջը քննիչին պատմել է Դենիշ Բաբուի եւ Աստղիկ Աղաջանյանի հարաբերությունների մասին:

«Գալուց օրեր անց ես ու Դենիշը միասին գնացել ենք Աստղիկի մամայի հետ ծանոթանալու: Ես որպես թարգմանիչ եմ գնացել ու քննիչին էլ բառացի գրել եմ, թե Աստղիկի մաման մեզ ինչ ասաց. «Հայը հնդիկի հետ պիտի չամուսնանա, ես դեմ եմ նրանց հարաբերություններին»: Ես էլ բարկացա՝ ասելով, թե ինչ կապ ունի ազգությունը, մարդը մարդ է մնում, բայց Աստղիկի մաման ինձ չլսեց ու թողեց գնաց»,- նշեց Դենիշի ընկերը:

Այնուհետեւ, Դենիշը, Աստղիկն ու Պանկաջը երկար զրուցել են՝ որոշելով սպասել՝ մինչեւ Աստղիկի հարազատները տան իրենց համաձայնությունը: Պանկաջի պատմելով՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել այս հանդիպումից ուղիղ երկու շաբաթ անց:

«Ոստիկանությունում էլ ինձ հարցրին, թե Դենիշին ով է Հայաստան հրավիրել, ասել եմ, որը Հայաստան կարելի է գալ ընդամենը երկու ճանապարհով՝ կամ որպես ուսանող, կամ հրավերով: Բնական է, որ Դենիշը ուսանողի կարգավիճակով չի եկել: Համոզված եմ, որ նրան հրավիրելու առաջարկ ուղարկել է հենց Աստղիկը, որովհետեւ սիրում էր Դենիշին»,- պատմեց Պանկաջը՝ ավելացնելով, որ մեկ տարի առաջ էլ էր Դենիշը Հայաստան եկել:

Պանկաջը մեզ հետ զրույցում պատմեց նաեւ, որ Դենիշի եւ Աստղիկի հարազատները համատեղ բիզնես են ունեցել. Հնդկաստանից հագուստ են ներկրել Հայաստան եւ վաճառել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, նոյեմբերի 16-ին երեկոյան դանակահարոթյուն էր տեղի ունեցել Նոր Արեշում: Ըստ շտապօգնության բժշկի հայտարարության` Նոր Արեշի 8-րդ եւ 17-րդ փողոցների խաչմերուկում տեղի էր ունեցել դանակահարություն, իսկ ժամը 19.40-ին, նույն բուժկենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կենսաբանական մահ ախտորոշմամբ Նոր Արեշի 8-րդ եւ 17-րդ փողոցների խաչմերուկից իրենց մոտ է տեղափոխվել 1985թ. ծնված տղամարդու դիակ: Պարզվել էր, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 1985 թ. ծնված Դենիշ Բաբու Շահաբ Սինգխը Նոր Արեշի 17-րդ փողոցում գտնվող իր վարձակալած տանն ամուսնության առաջարկ էր արել Ա. Ա.-ին, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալուց հետո խոհանոցային դանակով որովայնի շրջանում բազմաթիվ մարմնական վնասվածքներ էր պատճառել նրան, այնուհետեւ նույն դանակով իր պարանոցի զարկերակները կտրելով` ինքնասպանություն էր գործել: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ