News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նորանշանակ նախարար Հարություն Քուշկյանը ընտանիքով տեղափոխվել է Արցախ եւ արդեն անցել նոր աշխատանքին: NEWS.am-ի թղթակցի հարցերին նա պատասխանեց արդեն նոր աշխատասենյակից:

Շնորհավորում եմ նշանակման կապակցությամբ: Կցանկանայի իմանալ՝ առողջապահության նախարար նշանակվելու առաջարկը ո՞ւմ կողմից է եղել եւ ինչպե՞ս է եղել, որ համաձայնել եք:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար, Արցախում աշխատելու առաջարկը եղել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից: Նա լրջագույն նպատակներ ունի առողջապահության զարգացման հետ կապված, եւ, իմ տարիների փորձը համատեղելով, լավ արդյունքների կհասնենք: Առաջարկին համաձայնել եմ, քանի որ ցանկանում եմ իմ մասնագիտական ունակությունները ներդնել այստեղի առողջապահության ոլորտը զարգացնելու համար:

Ի՞նչ դիրքորոշում է հայտնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախարար նշանակվելու հարցի վերաբերյալ:

Ես այդ հարցը նախապես քննարկել եմ պարոն Ծառուկյանի հետ, եւ նա ողջունեց իմ Ղարաբաղ տեղափոխվելը:

Ե՞րբ եւ ինչպե՞ս եք որոշել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացնել:

Ինչպես արդեն ասացի, այդ հարցը նախապես քննարկել եմ պարոն Ծառուկյանի հետ: Եւ քանի որ որոշվեց ընդունել նախարար նշանակվելու առաջարկը, ուստի ճիշտ համարեցի դիմում գրել եւ դուրս գալ կուսակցությունից:

Հնարավո՞ր է այժմ անդամագրվեք ՀՀԿ-ին:

Ոչ:

Նշենք, որ Հարություն Քուշկյանը 2007-2012թթ եղել է Հայաստանի առողջապահության նախարարը, իսկ 2012թ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ եւ զրկվեց նախարարական պորտֆելներից, Քուշկյանը զբաղվում էր «Նաիրի», «Էրեբունի» բժշկական կենտրոնների հարցերով: ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնում Հարություն Քուշկյանի նշանակումը եղել է մարտի 14-ին։ Նա դիմում է գրել եւ դուրս եկել ԲՀԿ-ից:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը

Տպել
Ամենաշատ