News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ստամբուլի «Իսմայիլ Բեշիքչի» հիմնադրամում, մարտի 16-ին, Թուրքիայի լրագրողներից, փաստաբաններից և մարդու իրավունքների պաշտպաններից բաղկացած նախաձեռնող խումբը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ համաժողով էր կազմակերպել «2015թ-ից 1 պակաս. մեր անցյալն ու ապագան» խորագրով:

 

Ինչպես տեղեկացնում է Akunq.net-ը, գիտաժողովի առաջին նիստը կրում էր «1915 թվականի կնոջ դեմքը» խորագիրը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության ժամանակ բռնության ենթարկված կանանց խնդիրներին: Ցեղասպանության մոռացված կամ անտեսված այս երեսի շուրջ վերջերս կարևոր ուսումնասիրություններ են կատարվում, որոնք ի հայտ են բերում նոր փաստեր: Ուսումնասիրությունները հրապարակ են հանում հայ կանանց` դժվարություններով լեցուն և մոռացված պատմությունները:

Նիստի ժամանակ բանախոսներից Գայուշ Չալըքման Գավրիլովն իր ընտանիքի պատմության օրինակով անդրադարձավ Հայոց ցեղասպանության ժամանակ հայ կանանց ու աղջիկների կրած տառապանքներին: Բանախոսը նշեց, որ այս կանայք վախի կամ ամոթի արդյունքում խուսափում էին խոսել իրենց անցյալի, արմատների մասին: Ցեղասպանության այս տրավման նրանցից ոմանք կարողացան հաղթահարել և խոսել իրենց թոռների կամ երեխաների հետ:

Գ. Չալըքմանն անդրադառնալով այսօր կանանց իրավունքների պաշտպանությանն ուղված պայքարին` հայտնեց. «Երբ այսօր Ստամբուլի փողոցներ ենք դուրս գալիս և պաշտպանում բռնաբարված երեխաների ու կանանց, երիտասարդ տարիքում բռնի ամուսնացված աղջնակների իրավունքը, ես այս պայքարի շրջանակներում բարձրաձայնում եմ նաև բռնության ենթարկված այդ հայ կանանց բողոքը»:

Բանախոսը հետաքրքիր դիտարկում կատարեց նաև ցեղասպանություն վերապրած երեխաների գենետիկ հիշողության, հայկական սովորույթներն ու ավանդույթները ենթագիտակցական մակարդակով պահպանելու և առօրյայում ծածուկ կիրառելու վերաբերյալ. «Շատ եմ մտածել, թե 6 տարեկան երեխան ինչպե՞ս կարող էր հիշել և հետագայում, մոր պես, չյորեք (Զատկվա խմորեղեն-Ակունքի խմբ.) պատրաստել: Կարծում եմ` հայ ընտանիքները, վտանգված գոյության ենթագիտակցական բնազդով, շատ վաղ տարիքից իրենց երեխաներին փոխանցում են շատ մեծ գենետիկ ինֆորմացիա մեր սովորույթների, մշակույթի մասին»:

Բանախոսներից Գյուլչիչեք Գյունել Թեքինը, անդրադառնալով ցեղասպանության ժամանակ քրդական գործոնին, նշեց, որ անշուշտ Մարդինում, Բաթմանում, Դերսիմում և մյուս հայաբնակ վայրերում քրդերը կազմակերպված կամ ոչ համակարգված կերպով մասակցել են հայերի կոտորածին, և այս փաստն այսօր ընդունում են նաև քրդերը, որի համար ներողություն են խնդրում: Ըստ բանախոսի` սակայն չպետք է մոռանալ, որ բազմաթիվ քրդեր, թուրքեր, արաբներ և այլ մուսուլման բնակիչներ նաև փրկել ու տեր են կանգնել այդ երեխաներին ու կանանց: Հետևաբար չպետք է կատարածի համար մեղադրել և դատապարտել մի ողջ ժողովրդի: Ի պատասխան բանախոսի դիտարկմանը՝ լսարանից մեկն իրավացիորեն նկատեց, որ եթե անգամ այս երեխաներին ու կանանց փրկել են, միևնույն է` նրանք այլեւս ալեւիացվել, քրդացվել և թրքացվել են, այսինքն՝ հայկական արմատներից պոկվել են, ինչն արդեն իսկ համարվում է ցեղասպնություն:

Բավականին բուռն անցավ համաժողովի երկրորդ նիստը, որի ժամանակ իրավաբան բանախոսները ցեղասպանությանն անդրադարձան իրավունքի տեսանկյունից՝ համեմատականներ անցկացնելով ցայսօր կատարված ցեղասպանությունների միջև: Բանախոսները նշեցին, որ «հայրենիքը պաշտպանելու բնազդով» թե՛ պետական, և թե՛ միությունների մակարդակով ժխտում և ամեն ինչ անում են, որ խոսք չլինի ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ հանրապետական շրջանում տեղի ունեցած բազմաթիվ կոտորածների ու բռնություններ մասին: Անգամ եթե որևէ հարց տեղափոխվում է Եվրոպայի մարդու իրավունքների դատարան, ապա վճարում են տույժը, և ամեն ինչ դրանով վերջանում է: Այս ուղղությամբ հասարակությունը պետք է պետության վրա մեծ ճնշում գործադրի:

Փաստաբան Ռամազան Դեմիրը նկատեց, որ միջազգային ասպարեզում պետք է գործունեություն ծավալել` պետությանը ճնշելու, նրա վարքը փոխելու և ապագայում նման հանցանքներից խուսափելու համար. «Թուրքիայի քրեական օրենսգրքում մարդկության դեմ հանցանքը և ցեղասպանությունը պատժող հոդվածներ կան, սակայն այն մտցվել է ձեւականորեն, Եվրոպայի աչքին թոզ փչելու համար, համենայն դեպս, ես չեմ տեսել, որ երբևէ այս հոդվածները կիրառվեն»:

Նիստի ընթացքում հարց հնչեց Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստն ընդունելուց հետո կատարվելիք քայլերի վերաբերյալ: Ի պատասխան` փաստաբան Էրջան Քանարը նշեց. «Կարելի է կազմել ճանապարհային քարտեզ, համաձայն որի՝

Թուրքիան պետք է ներողություն խնդրի աշխախարհասփյուռ հայերից, վերականգնի նրանց քաղաքացիության իրավունքը և թույլ տա գալ ու բնակվել իրենց հողերում:

Քանի որ Հայաստանի Հանրապետությունը որևէ հողային կամ փոխհատուցման պահանջ մինչ այժմ առաջ չի քաշել, ըստ էության, հողային պահանջ չի կարող բարձրացնել, քանի որ Կարսի պայմանագրով հրաժարվել է, հետևաբար, կարծում եմ` թուրքական պետությունը պետք է անձնապես փոխհատուցի ցեղասպանության ենթարկվածների ժառանգներին: Վերականգնի հայկական բնակավայրերի նախկին անունները, վերանորոգի եկեղեցիները և այլն»:

Նիստն ամփոփելով համաժողովը համակարգող Էրեն Քեսքինը, ով Թուրքիայում մարդու իրավունքների հայտնի պաշտպան ու փաստաբան է, որպես վերջաբան ասաց. «Մեր լռությամբ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք: Անգամ հակահայ կեցվածքով հայտնի Դողու Փերինչեքի ազատ արձակման փաստը մեր օրակարգ չբարձրացրեցինք, լռել նախընտրեցինք»:

Համաժողովի երրորդ նստաշրջանում լրագրող բանախոսներն անդրադարձան թուրքական և քրդական մամուլում Հայոց ցեղասպանության թեմային:

Լրագրող Մեհմեդ Գյոջեքլիի կարծիքով` թուրքական մեդիայից շատ բան է կախված: Զանգվածային լրատվամիջոցները պետք է հասարակությանը ներկայացնեն հայերին, նրանց մշակույթը. «Պետք է այս հողերում ապրող մարդկանց ներկայացնել, թե ովքեր են այս հայերը, չէ՞ որ բոլորը չգիտեն, թե ովքեր են այս մարդիկ: Դպրոցական հասակից դասագրքրեը մեզ սովորեցնում են, թե հայերը դավաճան ու վտանգավոր են մեր հայրենիքի համար»:

Լրագրող Էրգյուն Բաբահանն իր զեկույցում նշեց, որ Հայոց ցեղասպանւթյան վերաբերյալ թուրքական մամուլում անհավատալի լռություն է տիրում, որովհետև համատեղ մեղք է գործվել. «Ոչ ոք չի ուզում ասել, որ սպանել է իր հարևանին, գողացել նրա աղջկան: Սա հասարակական տրավմայի արդյունք է: Թուրքիայի միակ խնդիրն այն է, որ իր հասարակությանը մեծացնում է վախի մթնոլորտում, թերարժեքության բարդույթով: Գոյություն ունեցող առերեսման վախի տաբուն կարող է ջարդել սոցիալական մեդիան: Սա աստիճանաբար պետք է տեղի ունենա, մինգամից չես կարող ասել` այո՛, սպանել ու բռնաբարել ենք: Կարծում եմ` պետք է վավերագրական ֆիլմերի, նման գիտաժողովների միջոցով ժողովրդին պատրաստել»:

Լրագրող Սեդաթ Յըլմազը ներկայացնելով, թե ինչպես է արդի փուլում քրդական մամուլն անդրադառնում Հայոց ցեղասպանության փաստին, նշեց մի շատ կարևոր հանգամանք. թուրքական մամուլում հաճախ Խոջալուում կատարվածը փորձում են հակակշիռ ներկայացնել Հայոց ցեղասպանությանը՝ դրանով փակուղի տանել այն: Սա ևս ժխտողական քաղաքականության դրսևորում է:

Այս հարցի շուրջ կարծիք հայտնեց նաև փաստաբան Էրդալ Դողանը. «Իրավական տեսանկյունից Խոջալուի դեպքերը չի կարելի որակել որպես ցեղասպանություն և համեմատականներ անցկացնել: Եթե թուրքական պետությունն ուզում է այս հարցի շուրջ հայտարարություն անել կամ խառնվել, ապա թող երկու կողմերի խորհրդարաններից թույլտվություն ստանա, անկախ փորձագետներից կազմված հանձնաժողով ուղարկի և նոր որեւէ հայտարարությամբ հանդես գա»:

Տպել
Ամենաշատ