News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ մարտի 16-ին, կյանքի 75-րդ տարում, երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո վախճանվել է տաղանդավոր բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արտաշես Կոստանտինի Հովհաննիսյանը:

Արտաշես Հովհաննիսյանը ծնվել է 1939 թ. նոյեմբերի 15-ին, Երեւանում: 1963 թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Նույն թվականից աշխատանքային գործունեություն է սկսել Իջեւանի ժողովրդական թատրոնում մինչեւ 1967 թ.: 1967-69 թթ. աշխատել է Աբովյանի ժողովրդական թատրոնում: 1969-1986 թթ. բեմադրություններ է իրականացրել Երեւանի դրամատիկական թատրոնում (ներկայիս Երեւանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում): 1986 թ. հիմնադրել է «Նորք» թատրոն-ստուդիան, որը առաջին ոչ պետական թատրոնն էր մշակութային դաշտում, եւ մնաց թատրոնի անփոփոխ տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը մինչեւ իր կյանքի վերջը: Նա «Նորք» թատրոնում բեմադրեց շուրջ 10 ներկայացում, որոնցից ամենաակնառուն «Կիլիկիո արքան» ներկայացումն էր:

Մեծ է Ա. Հովհաննիսյանի ավանդը հայ թատրոնի զարգացման գործում: Առաջիններից մեկն էր, ում շնորհիվ ժողովրդական թատրոնը եւ ինքնագործ արվեստը նոր որակի բարձրացվեց: Բեմադրել է տասնյակ ներկայացումներ, որոնցից են Ա. Պետրոսյանի «Ամազոններ», Պ. Շաֆֆերի «Մթին պատմություն», Ժան Անուի «Տորեադորների վալսը» պիեսները: Ա. Հովհաննիսյանին հատկապես մեծ ճանաչում բերեց Հ. Մաթեւոսյանի «Աշնան արեւ» վիպակի բեմականացումը, որի համար 1984 թ. արժանացավ ՀԽՍՀ պետական մրցանակի: Կյանքի վերջին տարիներին Ա. Հովհաննիսյանը հիմնել եւ ղեկավարել է Թեքեյան թատերախումբը: Տարբեր տարիների բեմադրություններ է իրականացրել նաեւ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական եւ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոններում: Համագործակցել է Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի հետ, որով սկիզբ է դրվել համատեղ բեմադրությունների ավանդույթին:

Բեղմնավոր է եղել նաեւ Ա. Հովհաննիսյանի մանկավարժական գործունեությունը: 25 տարի անընդմեջ դասավանդել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, ապա` համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի ամբիոնում, որտեղ ստացել է պրոֆեսորի գիտական կոչում: 2005 թ. նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչի պատվավոր կոչում:

Արտաշես Հովհաննիսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 18-ին,  ժամը 12:00-14:00, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երեւանի քաղաքային պանթեոնում:

Տպել
Ամենաշատ