News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախյան հերոսամարտի ժամանակ Ադրբեջանի նախկին նախագահ Հելդար Ալիեւի զարմիկին գերի վերցրած, այնուհետեւ Շուշիի 44 գերիների հետ փոխանակած Էդիկ Ավետիսյանի հայրը մարտի 20-ին եկել էր ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ` հանդիպելու պաշտոնյաներին եւ գումար խնդրելու որդու բուժման համար:

«Որդիս քաղցկեղով հիվանդ է, բուժման համար 67 հազար եվրո է պետք, դիմել եմ բոլորին, բայց ոչ մեկն էլ չի օգնում: Մի անգամ Տարոն Մարգարյանն է գումար տվել, իսկ մյուսները նույնիսկ նամակներիս չեն պատասխանում, երեւի ճղում են, գցում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Էդիկի հայրը` Ալբերտ Ավետիսյանը:

Արցախյան պատերազմի հենց առաջին օրերին հայր եւ որդի Ավետիսյանները Երեւանից մեկնել են Ղարաբաղ: 24-ամյա Էդիկը հետախույզ է եղել եւ ընկերոջ հետ 1992թ.-ին անցել է Ադրբեջանի սահման եւ այնտեղից գերի բերել Ալիեւի քրոջ տղային:

«Հիմա ո՞վ ա հերոս. Տղա՞ս, որ գերի ա վերցրել ու 44 հայի կյանք փրկել, թե՞ էն մարդիկ, որ անհասկանալի ձեւերով մարշալ ու գեներալ են դառնում: Ախր ես ու տղաս մեր կյանքը վտանգել ենք մեր հայրենիքի ազատության համար»,- ասաց Ալբերտ Ավետիսյանը` Լաչինի Աբոն:

Նրա պատմելով` որդին արդեն երկու տարի սոցիալական եւ առողջական լուրջ խնդիրներ ունի: Չորս հոգանոց ընտանիքն ապրուստի ոչ մի միջոց չունի:

«Երկու աղջիկ ունի, 15-16 տարեկան են, կինն էլ աման ա լվանում, մի կերպ ապրում են էլի, աղջիկ ջան, բայց միթե կյանքը վտանգած մարդն այս վիճակում պիտի ապրի»,- նշեց Լաչինի Աբոն` ավելացնելով, որ որդին չի ցանկանում, որ իր մարտական ընկերներն իր հիվանդության եւ դժվարությունների մասին իմանան:

Էդիկի Ավետիսյանի հայրը դիմել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, սակայն անօգուտ: Ալբերտ Ավետիսյանին ապրելու գումար անհրաժեշտ չէ:

«Չնայած ես դոմիկում եմ ապրում, ահավոր ծանր պայմաններում, բայց հիմա դա կարեւոր չի: Ինձ մենակ տղուս առողջությունն ա պետք»,- ասաց նա:

Էդիկ Ավետիսյանին օգնելու համար ՎՏԲ բանկում բացվել է հաշվեհամար`

AMD 16067000943201

USD  16067000943202

EUR  16067000943203

RUR 16067000943204

Տպել
Ամենաշատ