News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարեւորում է Նիդեռլանդների հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային, գիտական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Այս մասին, մարտի 23-ին, հայտարարել է աշխատանքային այցով Նիդեռլանդների Թագավորությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ:

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Ռուտեին՝ Հաագայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար, նշելով, որ այն նաեւ պատեհ առիթ է հայ-նիդեռլանդական հարաբերությունների օրակարգը քննարկելու եւ երկկողմ կապերն առավել ամրապնդելու համար:

Երկուստեք նշվել է, որ հայ-նիդեռլանդական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում առեւտրատնտեսական կապերը. Նիդեռլանդները շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերներից մեկը ԵՄ անդամ երկրների շարքում: Նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Ռուտեն, այդուհանդերձ, առկա մակարդակը դեռեւս բավարար չեն համարել եւ կարեւորել են երկուստեք հետեւողական քայլերը առեւտրատնտեսական կապերը խթանելու, տնտեսական ցուցանիշները բարելավելու ուղղությամբ՝ նկատի առնելով, որ առկա են դրա համար անհրաժեշտ հիմնական իրավական փաստաթղթերը:

Զրուցակիցների համոզմամբ, համագործակցության զարգացման հեռանկարներ կան տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, դեղագործության, ճանապարհաշինության եւ մի շարք այլ ոլորտներում:

ՀՀ նախագահը եւ Նիդեռլանդների վարչապետն անդրադարձել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Սերժ Սարգսյանը կարեւորել է անցած տարիներին ձեռքբերված Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակի պահպանումն ու դրա հետագա խորացումը՝ Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված երկկողմ համատեղ հայտարարության եւ ՀՀ ԱԳ նախարարի ու ԵՄ բարձր ներկայացուցչի միջեւ փոխանակված նամակների համապատասխան: Այդ ճանապարհին, ըստ նախագահի, մեր երկիրն ակնկալում է նաեւ բարեկամ Նիդեռլանդների՝ որպես ԵՄ հիմնադիր երկրի, աջակցությունը:

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների եւ մարտահրավերների շուրջ:

Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցակցին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում երեկ երեկոյան հանդիպում է ունեցել նաեւ Նիդեռլանդների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Բաց եւ անկաշկանդ մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական հարցերին, հայ-նիդեռլանդական երկկողմ կապերի ներկա վիճակին եւ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության զարգացման հեռանկարին, պատասխանել նաեւ հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:

Այցի շրջանակներում նախագահը մարտի 24-25-ին կմասնակցի Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Այսօր երեկոյան Նիդեռլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի անունից կտրվի ընդունելություն՝ ի պատիվ գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ