News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Նախագահն իր խորը մտահոգությունն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահը հիշեցրել է, որ առաջին ծանր պատուհասը Քեսաբի շրջանի համար դեռեւս 1909 թվականին էր, երբ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժեցին Քեսաբ։ Հայերն ապաստանեցին Գարատուրանի լեռներում եւ ծովեզերքում։ Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայերը ֆրանսիական փոխադրանավով տեղափոխվեցին Լաթաքիա։ Գաղթականները մոտ մեկ տարի Լաթաքիայում մնալուց հետո վերադարձան Քեսաբ եւ վերակառուցեցին իրենց տները։

Պատմական իրողություններին անդրադառնալիս Սերժ Սարգսյանը հիշատակել է նաեւ մեկ այլ տարեթիվ՝ 1915 թվականը, երբ Հայոց ցեղասպանության գաղթից եւ աքսորներից եւս անմասն չմնաց Քեսաբի բնակչությունը։ Քեսաբցիներն աքսորվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Դեր Զոր եւ դեպի հարավ՝ մինչեւ Հորդանան։ Հազարավոր քեսաբահայեր զոհվեցին, մեծամասնությունը՝ Դեր Զորի անապատներում։

«Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»,-ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Սիրիայի իշխանություններին` այս ծանր պահին քեսաբահայության պաշտպանության համար ձեռնարկվող քայլերի համար:

«Ես արդեն հանձնարարել եմ ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի եւ Ժնեւի գրասենյակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման եւ նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Ստեղծված իրավիճակի մասին Հանրապետության նախագահն այսօր խորհրդակցել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն աշխատում է քեսաբահայությանն աջակցելու համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի վրա, որն իրականացվելու է ամբողջ ծավալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ