News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը


«Արաբկիր» ԲԿ-ում նախորդ տարի մահացած 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքով հարուցված քերական գործով դատական նիստին այսօր՝ մարտի 24-ին,  Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վկաները նախաքննության ժամանակ տված իրենց ցուցմունքերին հակասող վկայություններ տվեցին։ Հիվանդանոցի բուժքույր Լարիսա Վարդանյանը, որը հերթապահել էր Լիային հիվանդանոց տեղափոխելու առաջին օրը, ասաց, որ երեխայի արյան նմուշը վերցրել է  հունվարի 1-ի առավոտյան՝ ժամը 7-ի սահմանում, մինչդեռ դեպքից ամիսներ անց տված իր ցուցմունքում նշել էր, որ այն վերցրել է երեխային ընդունելու օրը՝ դեկտեմբերի 31-ին։ 

«Երեխային բերեցին բաժին, բժշկուհին զանգեց, ասեց ջերմային ցնցում է տարել երեխան, շտապ կատետր դրեք: Արյան մակարդելիության բարձր լինելու պատճառով չեմ կարողացել նմուշ վերցնել: Կաթիլային եմ միացրել, որ 1 ու կես ժամ հետո վերցնեմ: Հետո շատ ծանր հիվանդ եկավ, չկարողացա վերցնել: Այդ ընթացքում երեխայի ջերմությունն իջավ, շատ լավ էր: Գիշերը իմ ու իր հայրիկի ձեռքը բռնած ման էր գալիս: Հետո 5-ի սահմանում մայրը եկել է, քնել է երեխան: Արյունը վերցրել եմ առավոտյան 7 անց կեսի կողմերը: Այդ ժամանակ ջերմությունը բարձրացել էր նորից»,- ասաց բուժքույրը` նշելով, որ բժշկուհին իրեն չի ասել, որ պետք է հրատապ արյան նմուշ վերցնել:

Մեղադրող կողմը հայտարարեց, որ բուժքրոջ տված ցուցմունքը հակասում է նախաքննության ժամանակ տված ցուցմունքին և միջնորդեց, որ դատարանը հրապարակի նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքները: Հրապարակվեցին 2013-ի հուլիսի 14-ին և այս տարվա հունվարի 1-ին տված ցուցմունքները, որոնցից առաջինում բուժքույրը նշել էր, որ արյան նմուշը վերցրել է կատետրը միացնելուց հետո, իսկ երկրորդում` հունվարի 1-ի առավոտյան: Լարիսա Վարդանյանն ասաց, որ ինքը հետո մտածել է, հիշել, որ առաջին ցուցմունքում ժամը սխալ է գրել:

Դատախազ Դավիթ Կարապետյանը հարցրեց վկային` արդյոք այն ժամանակ  տեղեկացրել է բժշկուհուն, որ արյան նմուշը չի կարողացել ժամանակին վերցնել: Բուժքույրը պատասխանեց, որ չի ասել բժշկուհուն  ու հավելեց. «Երեխան շատ լավ էր, ջերմություն չուներ, շատ ակտիվ էր»:  Դատախազը վրդովված նշեց. «Դուք ասում եք` երեխան լավ էր, վազվզում էր, դրա համար արյան նմուշ չեմ վերցրել: Դուք հասկանում ե՞ք ձեր ասածի էությունը»: Այնուհետև նա դեպքի  մասին այլ մանրամասներ հարցրեց վկայից, որը հարցերին պատասխանելիս մի քանի անգամ կրկնեց երեխայի լավ լինելու հանգամանքը: Բուժքրոջ պատասխանները բարկացրին  նախագահող դատավորին, որը վրդովված նրան ընդհատեց. «Դուք ձեզ վերաբերող հարցերին պատասխանեք, անըդհատ կրկնում եք՝ երեխան լավ էր, լավ էր: Երկու օր հետո երեխային մահացած տուն են տարել»:

Դատական նիստի ժամանակ ցուցմունք տվեցին նաև այդ օրը լաբորատորիայում հերթապահած  բժշկուհի Լիանա Արզումանյանն ու լաբորանտ Ֆլորա Վարդանյանը: Լաբորանտը նշեց, որ հերթափոխը ստանձնել է հունվարի 1-ի առավոտյան, ժամը 9:00-ից և իրենից առաջ հերթապահող լաբորանտից արյան նմուշներ չի ստացել՝ անալիզ անելու համար: Մեղադրյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ նախաքննության և դատաքննության ընթացքում լաբորանտ Ֆլորա Վարդանյանի տված ցումունքներում էական հակասություններ կան:

«Վկան  իր նախաքննության ժամանակ տված ցուցմունքում նշել է, որ երբ ինքը ժամը 9:00-ին եկել է աշխատանքի, լաբորատորիայում ստացված է եղել Լիա Միսակյանի արյան նմուշը»,-նշեց  փաստաբանը:

Պաշտպանի խոսքից հետո Ֆլորա Վարդանյանը կրկին վկայություն տվեց, այս անգամ ասելով, որ երբ այդ օրն աշխատանքի է անցնել, սեղանին դրված են եղել տարբեր արյան նմուշներ: Նա ասաց, որ հնարավոր է`առավոտյան 8-ից 9-ը ընկած հատվածում են դրանք բերվել, այդ պատճառով էլ հերթապահող լաբորանտն իրեն չի փոխանցել:

Հիշեցնենք, որ 2 տարեկան Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է եւ աղջնակը մահացել է:

«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ 28-ամյա Լիլիթին եւ Զարինեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տպել
Ամենաշատ