News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՊՆ վարչական համալիրում այսօր՝ մարտի 25-ին, անցկացվեց ՀՀ նախագահի կարգադրությամբ ձեւավորված ՀՀ պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ համաձայնեցվեց Հայաստանի շուրջ ձեւավորված անվտանգային իրավիճակի եւ սպառնալիքների գնահատման փաստաթուղթը:

Փաստաթղթում գնահատվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի դեմ ծառացած բոլոր սպառնալիքները` դրանց ներկայիս հավանականությամբ, հավանականության փոփոխության միտմամբ, երկրի կենսական շահերի վրա ազդեցությամբ եւ Հայաստանի կողմից հակազդեցության հնարավորություններով հանդերձ: Սպառնալիքների գնահատման փաստաթուղթը հիմք է ծառայելու պաշտպանության ռազմավարական վերանայման հաջորդ փուլի` ռազմավարական պլանավորման նկատառումների եւ ռազմաքաղաքական սցենարների մշակման համար, որի մեկնարկը նույնպես ազդարարվեց նիստի ընթացքում:

Ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովում ներկայացված են ՀՀ անվտանգության ու պաշտպանության հարցերում շահագրգիռ բոլոր պետական կառավարման մարմինները` նախարարների տեղակալների մակարդակով: Հանձնաժողովը համանախագահում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ամփոփելով նիստի արդյունքները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գերատեսչություններին համապետական նշանակության այս ձեռնարկում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար, վստահություն հայտնեց, որ միջգերատեսչական փոխգործակցության նույն բարձր մակարդակը կպահպանվի նաեւ ռազմավարական վերանայման հետագա փուլերի ընթացքում:

Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչեւ 2015թ. վերջը եւ նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձեւավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության եւ անվտանգային դինամիկ համակարգի` մինչեւ 2020թ. հեռանկարային զարգացման երաշխավորմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ