News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ աջակցությամբ, այսօր՝ մարտի 26-ին, մեկնարկել է երկօրյա սեմինարը, որի առանցքում է շրջակա միջավայրի եւ անվտանգության միջեւ փոխկապակցությունը եւ թե ինչպես արձագանքել նրանց հետ առնչվող մարտահրավերներին: Դասընթացը նախատեսված է Բնապահպանական տեղեկատվական հանրային կենտրոնների /Օրհուսի կենտրոն/ եւ Հայաստանի քաղաքացիակահ հասարակության ներկայացուցիչների համար:

Մասնակցիները կքննարկեն միջազգային կառույցների դերակատարությունը, կարեւոր իրավական փաստաթղթերը եւ թե ինչպես բնապահպանական խնդիրները արտացոլվում են կամ կարող են արտացոլվել ազգային անվտանգության ռազմավարություններում: Նրանք կվերլուծեն բնական աղետների, հողերի դեգրադացման, անվտանգության վրա կլիմայի փոփոխության ազդեցության եւ բնական պաշարների սխալ կառավարման առանձին օրինակներ:

«Բնապահպանության ոլորտում մեր գրասենյակի առաջնահերթություններից է ապահովել քաղաքացիական հասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում», նշեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնտեսական եւ բնապահպանական ծրագրերի պատասխանատու Տոմաշ Դեմբսկին: «Դրան հասնելու համար մենք խրախուսում ենք ավելի ակտիվ շփումներ եւ սերտ համագործակցություն Հայաստանի հասարակության տարբեր դերակատարների միջեւ՝ պետական եւ տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության եւ միջազգային հանրության:»

Մասնակիցները հնարավորություն կունենան կիրառելու սեմինարի ընթացքում ձեռք բերված գիտելիքները՝ բացահայտելով Հայաստանում շրջակա միջավայրի եւ անվտանգության մարտահրավերները եւ մշակելով ծրագրեր՝ որպես արձագանք հորինված իրավիճակին: Նրանք նաեւ կծանոթանան դրամաշնորհների հնարավորություններին Հայաստանում գործող դոնոր համայնքի ներկայացուցիչներից:

Միջոցառումը  մաս է կազմում Քաղաքացիական գործողություններ հանուն անվտանգության եւ շրջակա միջավայրի /ՔԳԱՇՄ/ ծրագրի եւ իրականացվում է ԵԱՀԿ տնտեսական եւ բնապահպանական հարցերով համակարգողի գրասենյակի կողմից ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ՝ «Շրջակա միջավայր եւ անվտանգություն» նախաձեռնության շրջանակներում:

ՔԳԱՇՄ-ը փոքր դրամաշնորհների ծրագիր է, որի նպատակն է զարգացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները՝ արձագանքելու շրջակա միջավայրի եւ անվտանգության խնդիրներին տեղերում: 2009 թ.-ից ի վեր ՔԳԱՇՄ ծրագիրը Հայաստանում աջակցել է ՀԿ-ների 28 փոքր դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ