News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանի առջեւ արդեն հավաքվում են կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող քաղաքացիներ, «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները։ Ժամը 10։00-ից ՍԴ-ում սկսվել է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը վիճարկող՝ ԱԺ չորս ոչ կոալիցիոն ուժերի 36 պատգամավորների ներկայացրած հայցի քննությունը։ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության մի քանի անդամներ, ովքեր մասնակցում են ՍԴ նիստին, 12։30-ին դուրս են գալու եւ միանալու են ՍԴ-ի առջեւ խորհրդանշական լուռ ակցիային։ Նշենք, որ ակցիայից առաջ «ԴԵՄ ԵՄ»-ը կրկին ընդգծել է, որ իրենց նախաձեռնությունը քաղաքական չէ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ առավոտյան ժամը 11։00-ից Սահմանադրական դատարանի հետեւի մասում մի քանի տասնյակ մեքենաներով՝ եւ ոստիկանական եւ ոչ ոստիկանական, հավաքվել են մեծ թվով ոստիկաններ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցների թույլ չեն տալիս կանգնել ՍԴ-ի բակում, ակցիայի մասնակիցներն այժմ կանգնած են մայթին։

ՍԴ-ի մոտ են նաեւ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ երիտասարդական թեւերի ներկայացուցիչները։ Հիշեցնենք, որ այսօր 17։30-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։  «ԴԵՄ ԵՄ»-ը հայտարարել է, որ չի մասնակցելու այդ հանրահավաքին։

«ԴԵՄ ԵՄ»-ը նախապես հայտարարել էր, որ այսօր իրականացնելու են գեղեցիկ ու խորհրդանշական ակցիա՝ առանց կոչերի, առանց ելույթների, որպեսզի չխանգարեն դատարանի աշխատանքը։ Ելույթների, կոչերի փոխարեն կլինեն ավելի քան խոսուն պաստառներ։

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ. հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական բնույթ է կրում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ