News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը ճանաչող բանաձեւին դեմ քվեարկելը ճակատագրական սխալ էր, որը թույլ տվեց Հայաստանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, որ այդ որոշումը չունի որեւէ բանական բացատրություն, որը որեւէ կերպ կառնչվի Հայաստանի շահերին:

Նա նկատեց, որ ՀԱՊԿ անդամ Տաջիկստանն եւ Ղրղըզստանն ինքնուրույն դիրքորոշում դրսեւորեցին, իսկ «Հայաստանը չի կարող ունենալ արտաքին քաղաքականություն, այնպես, ինչպես Կալինինգրադի մարզը չէր կարող ձեռնպահ մնալ այս քվեարկությանը կամ Ռուսաստանին դեմ քվեարկեր, եթե հանկարծ ինչ-որ հրաշքով լիներ ՄԱԿ-ի անդամ»:

«Սա պերճախոս ցուցիչ է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ դե ֆակտո որպես անկախ պետություն, գոյություն չունի, այլ ներկայանում է որպես Ռուսաստանի հլու, հնազանդ ստրուկ»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Դիտարկմանը, թե Հայաստանը գուցե «Պապից ավելի կաթոլիկ» երեւալու խնդիր ուներ, փորձագետն ասաց, որ Հռոմի պապը բավականին պատկառելի անձնավորություն է, կաթոլիկներն էլ հավատում են Աստծուն, հետեւաբար՝ այս ստորացումը չպետք է ասոցացնել նրանց հետ:

Այս որոշումը, նրա խոսքով, միանշանականորեն բացասաբար է ազդելու հայ-ուկրաինական հարաբերությունների վրա: «Հարվածի տակ դրվեցին ոչ միայն հայ-ուկրաինական հարաբերությունները, այլեւ հարվածի տակ դրվեց Հայաստանի հարաբերությունները միջազգային հանրության հետ, Հայաստանն իրեն դուրս դրեց քաղաքակիրթ աշխարհից:

Ռուսաստանի քաղաքականությունը որակվում է բավականին ագրեսիվ, զավթողական քաղաքականություն, ինչ-որ տեղ նաեւ հեղինակավոր լրատվամիջոցներում ասոցացվում է ֆաշիզմի հետ, այսինքն՝ մենք գործ ունենք Ֆաշիստական Ռուսաստանի հետ, եւ Հայաստանը իր այս քվեարկությամբ իրեն ոչ միայն դրեց պետության հետ մի շարքում, այլեւ փաստորեն Հայաստանը ցույց տվեց, որ ինքը ֆաշիստական պետության վասալ է: Ես կարծում եմ՝ ավելի ստորացուցիչ բան դժվար էր մտածել Հայաստանի համար Հայաստանի ամենաոխերիմ թշնամիների կողմից»,- ասաց փորձագետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը ճանաչող բանաձեւին դեմ է քվեարկել ընդամենը 11 երկրի, որոնց թվում է նաեւ Հայաստանը: Բանաձեւն ընդունվել է ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ ձայներով: Բանաձեւին Հայաստանից եւ Ռուսաստանից բացի դեմ են քվեարկել նաեւ Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան, նաեւ Կուբան, Նիկարագուան եւ Բոլիվիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ