News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն: Հանրապետության նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի, ներդրումային ծրագրերի եւ կապիտալ ծախսերի համակարգման, արտաքին կապերի եւ զարգացման վարչություններում, հետաքրքրվել նախարարության ընթացիկ աշխատանքներով ու ծրագրերով, ծանոթացել այդ գերատեսչության աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, դրանց շրջանակներում իրականացվող աշխատանքների եւ առկա խնդիրների մասին։

Շրջայցից հետո, նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, ներկայացրել են էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտներում կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտներում 2011-2013թթ. իրականացված աշխատանքների հիմնական ցուցանիշներն ու զարգացման ռազմավարությունը:

Նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը զեկուցել է էլեկտրաէներգետիկայի, բնական գազի եւ ընդերքարդյունահանման ոլորտներում արտադրված ապրանքի եւ վճարված հարկերի ցուցանիշները, ներկայացրել նաեւ Մաքսային միությանը եւ Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագրով նախատեսված՝ էներգետիկայի ոլորտին վերաբերվող աշխատանքների կատարման ընթացքը, ինչպես նաեւ հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունում ընթացող աշխատանքների արդյունքները:

Նախարարի մեկ այլ տեղակալ Արեգ Գալստյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է ատոմային էներգետիկայի, այդ թվում՝ Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի անվտանգության ապահովման եւ շահագործման ժամկետի երկարացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաեւ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագիծը, վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության ծրագրերը, տարածաշրջանային ինտեգրման եւ միջազգային համագործակցության հարցերը, միջազգային պայմանագրերի, օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերի ընդունման ուղղությամբ աշխատանքը:

Նախարարի տեղակալներից Արա Սիմոնյանը զեկուցել է էներգահամակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի արդյունքներն ու ընթացքը:

Նախարարի մյուս տեղակալը՝ Լեւոն Շահվերդյանը, ներկայացրել է էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի եւ գազամատակարարման ոլորտների շահագործման, անվտանգության, հուսալիության ու ռեժիմների օպտիմալացման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը նախագահին ներկայացրել է 2011-2013թթ. հիմնական ֆինանսական եւ ոչ ֆինանսական ցուցանիշները, նախարարության աշխատակազմի կառուցվածքային ու առանձնացված ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքների արդյունքները:

Ներկայացված առանձին խնդիրների վերաբերյալ Սերժ Սարգսյանը հարցեր է ուղղել զեկուցողներին, իր դիտողություններն ու դիտարկումները ներկայացրել եւ հանձնարարականներ տվել պատասխանատուներին, խոսել նախարարության գործունեության գերակա ուղղությունների եւ առաջիկա անելիքների մասին: Նախագահը կարեւորել է աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ շարունակական եւ հետեւողական ջանքերը:

Խորհրդակցության ավարտին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Բորիս Գյուլումյանը, զարգացման վարչության պետ Հրաչիկ Ծուղունյանը, քարտուղարության պետ Անահիտ Մարգարյանը, անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարինե Սարգսյանը եւ արտաքին կապերի վարչության միջազգային տնտեսական համագործակցության բաժնի պետ Վիկտորյա Քեշիշյանը պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ