News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական անձնակազմը բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ իրենց համար անհրաժեշտություն եւ կարեւոր նախապայման է օպերայի եւ բալետի թատրոնում գեղարվեստական ղեկավարի ներկայությունը եւ նրա կարծիքի առկայությունը ցանկացած ստեղծագործ աշխատանքում:

«Հայ օպերային կատարողական արվեստի կայացման եւ զարգացման համար Գեղամ Գրիգորյանը մի հսկայածավալ աշխատանք է կատարել` բարձր պահելով հայի անունը ինչպես արտասահմանում, այնպես էլ հայրենիքում, ուր հայ հանդիսատեսը բաց չէր թողնում նրա մասնակցությամբ որեւէ ներկայացում:

Նա այն արվեստագետն է, ով վայելում է միջազգային օպերային արվեստի կարկառուն անհատականությունների հարգանքն ու ակնածանքը:

Երբ 1999թ. Գեղամ Գրիգորյանը հրավիրվեց Հայաստան` ղեկավարելու Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, հրաժարվեց միջազգային լավագույն բեմերից` հանուն լավագույն օպերային թատրոն ունենալու գաղափարի, հանուն առաջընթացի: Ահա այդ դժվար տարիներին նրա ղեկավարությամբ եւ անմիջական հետեւողականությամբ բեմադրվեցին բազում ներկայացումներ` հիմնականում շեշտը դնելով ազգայինի վրա` Ա.Տիգրանյանի «Անուշ» եւ «Դավիթ Բեկ», Տ.Չուխաջյանի «Արշակ Բ», Ա.Խաչատրյանի «Գայանե», ինչպես նաեւ Ջ.Վերդիի «Տրավիատա» եւ «Տրուբադուր» (վերականգնում), Ա.Վիվալդիի «Տիգրան Մեծ», Ժ.Բիզեի «Կարմեն», Վ.Բելինիի «Նորմա», Ս.Ռախմանինովի «Ալեկո», «Հավերժություն» (ըստԱ.Խաչատրյանիերաժշտության), Մ.Մավիսակալյան-Լ.Ճգնավորյանի «ՍուրբՀռիփսիմեեւՏրդատ»  բեմադրությունները:

Թատրոնը հյուրախաղերով մեկնել է Բեյրութ (Լիբանան)՝ Ջ.Վերդիի «Տրավիատա»եւ Մոսկվա (Ռուսաստան)՝ Մեծ թատրոն՝ Վ.Բելինիի «Նորմա»  ներկայացումներով, իսկ սիմֆոնիկ նվագախումբը՝ Սալոնիկ (Հունաստան)՝ նվագակցելու Վ.Ա.Մոցարտի «Դոն Ժուան» օպերային ներկայացումը:

Նրա շրջահայացությունը, լավագույնը տեսնելու եւ լավագույններին ընտրելու նրա հմտությունը առ այսօր էլ ակնհայտ է թատրոնում. ներկայիս թատրոնի «հենասյուները» հրավիրվել են նրա իսկ կողմից, իսկ տարիներ անց Ձեր կողմից նրանք արժանացել են ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

Ցավոք, 2007թ. ստեղծվեցին այնպիսի պայմաններ, որոնք անհնարին դարձրին ՄԵԾ ՄԱՐԴՈՒ այդ թատրոնում գտնվելը, եւ այդ ժամանակ եւս երեւաց նրա անկաշկանդ գործելակերպը, վեհանձնությունը…

Հրաժարվելով պաշտոնից` Գեղամ Գրիգորյանը չհեռացավ թատրոնից, ինչպես անում են գրեթե բոլորը… Նա մնաց հայ օպերային երգիչների հետ, թատրոնի հետ` հավատարիմ մնալով իր մեծ վարպետ լինելու կոչմանը` աշխատելով մեներգիչների հետ եւ երբեեւէ չբողոքելով որեւէ կառավարությունից, որեւէ պաշտոնյայից կամ աշխատակից ընկերներից:

Այսօր Հայաստանի Հանրապետության միակ օպերային թատրոնում ծառացել է կարեւորագույն հիմնախնդիր` ունենալ գեղարվեստական ղեկավար ի դեմս Գեղամ Գրիգորյանի: 2008թ.-ի հունվարից թափուր մնացած այդ պաշտոնը չհամալրվեց` ապացուցելով վերոնշյալի իսկությունը` «մեծ» մարդը անփոխարինելի է:

Ուստիեւ, այս բաց նամակով դիմում ենք Ձեզ, պարո´ն նախագահ, վերակագնելու գեղարվեստական ղեկավարի հաստիքը թատրոնում եւ Գեղամ Գրիգորյանին նշանակելու մեծագույն խնդրանքով: Սա հայ օպերային արվեստի մեջ գտնվող բազմաքանակ արվեստագետների համար կենսական նշանակության խնդիր է դարձել: Մենք բոլոր ներքոստորագրյալներս վստահ ենք, որ Դուք կաջակցեք մեզ այս խնդրանքում, քանզի մենք ականատեսն ենք այն բարձր վերաբերմունքի ու ակնածանքի, որ ունեք դեպի բարձր արվեստը:

Մենք, հիրավի, շնորհակալ ենք Ձեզ»,- ասվում է բաց նամակում:

Նամակի տակ ստորագրել է ստեղծագործականի անձնակազմի 190 անդամ: 

Տպել
Ամենաշատ