News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սիրիա մեկնած հայ պատգամավորներն այսօր՝ մարտի 29-ին, վերադարձել են Երեւան եւ պատրաստվում են մյուս շաբաթ ասուլիս հրավիրել ու ամփոփել այցի արդյունքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

Նա նշեց, որ Սիրիա այցելության երեք օրերի ընթացքում իրենք եղել են Լաթաքիայում, Դամասկոսում, Լիբանանում, հանդիպել են հայ համայնքի, նրանց հոգեւոր առաջնորդների, քաղաքների ղեկավարության, պատգամավորների, ինչպես նաեւ Սիրիայի նախագահի, վարչապետի եւ Ժողովրդական ժողովի նախագահի հետ:

«Շատ տպավորված ենք այցելությամբ, բավականին արդյունավետ այցելություն էր, ստացել ենք շատ առաջարկներ, ինքներս էլ ունենք շատ մտահղացումներ: Նախ, պետք է իրավիճակը ներկայացնենք հանրությանը, մեր ղեկավարությանը, քննարկենք առաջարկները, ի մի բերենք, մշակենք կոնկրետ ծրագիր եւ սկսենք գործել»,- ասաց պատգամավորը:

Նաիրա Կարապետյանն ասաց, որ հայ համայնքը իրենց հարցեր էր ուղղում՝ կապված համայնքի զարգացման հետ, նրանք շնորհակալ էին Հայաստանի իշխանություններին սիրիահայերին գրկաբաց ընդունելու համար, բայց բոլորի մտքում միայն Սիրիա վերադառնալն է: Ինչ վերաբերում է տարհանված քեսաբահայությանը, պատգամավորն ասաց, որ նրանց վիճակը շատ տխուր է: «Քեսաբահայության վիճակը շատ տխուր էր, տարհանված, ամեն ինչ կորցրած, բոլորը պատմում էին, որ անհոգ ապրել են, մեծ ունեցվածք են ունեցել, միշտ վտանգ եղել է, բայց պաշտպանվածություն ապահովել են եւ այժմ մի քանի ժամում թողել են իրենց բնակավայրը ու եկել ապրում են եկեղեցու բակում: Դուք չեք պատկերացնի՝ ինչ տեսարան էր,  եկեղեցու բակում դոշակներ էին գցված, պատմության առ պատմություն լսել, արտասվել ենք, բոլորս լրիվ պատկերացրինք, թե ինչ է կատարվել 100 տարի առաջ, Փառք Աստծո, զոհեր չենք տվել: Միեւնույն ժամանակ, շատ հպարտ ու լիահույս էին, իրենց մտքում միայն Քեսաբ վերադառնալն է եւ մեզնից էլ միայն աջակցություն էին խնդրում Քեսաբը վերականգնելու հարցում»,- փոխանցեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջան։ Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանում ապրող 600 հայ ընտանիք տեղափոխվել են Լաթաքիա։ Մարտի 24-ին ԱԺ մի խումբ պատգամավորներ մեկնել էին Լաթաքիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ